Մատչելիության հղումներ

Հաջիևը չի կարող ասել՝  գերեզմանում հայտնաբերվածները  հայեր են, ադրբեջանցիներ, թե այլ ազգերի ներկայացուցիչներ. Անդրանիկ Քոչարյան 


ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան, արխիվ
ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան, արխիվ

Բաքուն ևս մեկ պահանջ է ներկայացնում Երևանին

Չդադարող պահանջների կողքին Բաքուն վերջին օրերին սկսել է ևս մեկն առաջ քաշել Երևանի առջև՝ «պատժել ռազմական հանցագործներին»։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը X- ի իր էջում ոսկորների լուսանկարներ է հրապարակել, գրելով, թե ազատագրված Աղդամում գտնվող Սիրխավանդ գյուղում «նոր զանգվածային գերեզմաններ են հայտնաբերել»։

Լուսանկարներին կից Հաջիևը գրել է, թե «առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ շուրջ 4 հազար ադրբեջանցիներ են սպանվել և թաղվել զանգվածային գերեզմաններում»։ Շեշտելով, որ մինչև օրս Հայաստանը որևէ մեկին չի պատժել այս հանցագործություների համար, Իլհամ Ալիևի օգնականը պնդում է, թե «Հայաստանը թաքցնում է զանգվածային գերեզմանների մասին տեղեկությունը»։

«Հայաստանը պետք է ցույց տա իր իսկական հավատարմությունն արդարությանն ու խաղաղությանը՝ ընդունելով այս բոլոր հանցագործությունների համար պետության պատասխանատվությունը և համապատասխանաբար հետաքննելով և պատասխանատվության ենթարկելով ռազմական հանցագործներին», - գրել է նա։

Ո՞վ է որոշում՝ պատերազմի ժամանակ ինքնապաշպանություն, թե հանցագործություն է տեղի ունեցել. Անդրանիկ Քոչարյան

Հայաստանի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողվի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հակադարձում է՝ ո՞վ է որոշում՝ պատերազմի ժամանակ ինքնապաշպանություն, թե հանցագործություն է տեղի ունեցել։

«Ո՞վ է որոշում, թե ինքնապաշտպանություն իրականացրած ինքնապաշտպանական ուժերը հանցագործություն է, թե՞ ինքնապաշտպանություն է, - ասաց նա՝ հավելելով, -Ի՞նչ հանցագործներ, իսկ այն հանցագործները, որոնք գտնվում են այնտեղ, և եթե հանցագործությունների մասին ենք խոսում, դա պետք է ստանա իր ապացույցները, որովհետև ինչի՞ց սկսվեց պատերազմը, դրա պատասխանը ոչ մեկը չի կարող չէ մինչև հիմա տալ, և ռազմական գործողությունների արդյունքում նաև մարդիկ մահանում են։ Այդտեղ թացը չորի հետ խառնել չի կարելի»։

Հակադարձելով Աղդամում զանգվածային գերեզման հայտնաբերելու Հաջիևի պնդմանը՝ Պաշտպանության հանձնաժողովի նախագահը հարց է բարձրացնում՝ իսկ ո՞վ և ինչպե՞ս է որոշել, որ հայտնաբերված գերեզմանում հենց ադրբեջանցիներ են թաղված։ Անդրանիկ Քոչարյանի համոզմամբ՝ այդ հարցի պատասխանը համատեղ հանձնախմբերը պետք է տան։

«Թե ինչ է հայտնաբերվել, պարոն Հաջիևը չի կարող ասել՝ հայեր են, ադրբեջանցիներ են, թե ովքեր են, որովհետև այս տարիներին՝ ռազմական գործողությունների ընթացքում նաև այլազգիներ էլ են մասնակցել՝ չեչեններ են եղել, ուկրաինացիներ, բայց հիմա խնդիրը դրա մեջ չէ։ Եթե կա խնդիր, պետք է ստանա լուծում միջպետական համաձայնությունների, հանձնախմբերի աշխատանքի արդյունքում», - հայտարարեց իշխանական պատգամավորը։

«Ո՞նց կարող է որևէ մեկը հաստատել՝ 4 հազար է, 400 է, 40»

Պաշտպանության հանձնաժողովի նախագահը նաև կասկածի տակ է դնում ադրբեջանական կողմի նշած 4 հազար թիվը՝ շեշտելով՝ անհետ կորածների թվի ճշգրտումը երկար գործընթաց է։

Հայաստանը 2020-ից հետո Ադրբեջանին է փոխանցել 44-օրյա պատերազմում զոհված 51 ադրբեջանցիների մարմիններ, ինչպես նաև 90-ականներին զոհված 140 ադրբեջանցիների ոսկորներ։

Հայաստանն իր հերթին շուրջ 1200 անհետ կորած անձի հարց է բարձրացնում։ Պաշտոնական տվյալներով՝ 90-ականների սկզբից անհետ կորած է համարվում 993 հայ։ 44-օրյա պատերազմից հետո անհետ կորել է շուրջ 200 հայ զինվոր։

«Ո՞նց կարող է որևէ մեկը հաստատել՝ 4 հազար է, 400 է, 40 է, Դուք հիմա թիվ եք ասում, որը հնչեցրել է Ալիևը, որտեղի՞ց է վերցրել, որտե՞ղ է արձանագրված դա, Դուք հիմա փորձում եք նաև Հայաստանի պաշտոնյաների մոտ ստանալ մի պատասխան, որը գոյություն չունի», - ասաց Քոչարյանը։

Սա Հայաստանի իշխանության զիջողական քաղաքականության հետևանքն է. Աննա Գրիգորյան

Այն, որ Ադրբեջանը նորանոր նախապայմաններ է դնում Երևանի առաջ՝ Սահմանադրության փոփոխությունից հետո այժմ էլ պահանջելով պատժել այսպես կոչված՝ «ռազմական հանցագործներին», ընդդիմության գնահատմամբ, Հայաստանի իշխանության զիջողական քաղաքականության հետևանքն է։

Ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի խոսքով՝ յուրաքանչյուր հերթական զիջումից հետո Բաքվի պահանջներն ավելի են ուժգնանում։

«Եվ դա տեղի է ունենում այն պատճառով, որ ՀՀ իշխանությունները որևէ բառ չեն խոսում էթնիկ զտումների մասով, պատերազմական հանցագործությունների վերաբերյալ, որ Ադրբեջանն է իրականացրել, տարբեր դրվագներ կան փաստագրված, վիդեոներով, որով կարող էինք մենք Ադրբեջանին և ալիևյան ռեժիմին պատասխանատվության ենթարկել՝ ինչպես են մարդկանց գլխատում, անզեն մարդկանց ոչնչացնում։ Այս բոլոր դրվագներն ունենք և կարող էինք խոսել Ադրբեջանի վայրագությունների և հանցագործությունների մասին», - ասաց Աննա Գրիգորյանը։

Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ Ալիևի ռեժիմը «ռազմական հանցագործ» ասելով նկատի ունի ցանկացած հայի, ով մասնակցել է հայրենիքի պաշտպանությանը. - «Դա ենթադրում է, բնականաբար, նախկին բոլոր նախագահներին և գեներալիտետին, սովորական զինվորականներին, կամավորականներին առաջին թվում»։

Դա Վազգեն Սարգսյանի հերոսի կոչումը ևս մեկ աստիճան դա կբարձրացնի. Արամ Սարգսյան

Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար, Արցախի ու Հայաստանի հերոս Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը Ադրբեջանի հայտարարությունների հետ կապված որևէ մտավախություն չունի։

Գլխավոր մտահոգությունը մեկն է, որ Հայաստանը ժամանակին ճիշտ քայլեր անի՝ վերափոխելով ու վերազինելով բանակը։

«Եթե վաղը Ադրբեջանը պահանջի, որ Վազգեն Սարգսյանին մեղավոր ճանաչել պատերազմի համար, Վազգեն Սարգսյանի հերոսի կոչումը ևս մեկ աստիճան դա կբարձրացնի», - ասաց նա։

Ի դեպ, Ադրբեջանը ոչ միայն պահանջում է պատժել այսպես կոչված «ռազմական հանցագործներին», այլև իր պնդմամբ՝ հայտնաբերված զանգվածային գերեզմանները ներկայացնում է միջազգային կառույցներին։ Անհետ կորածների հարցով Բաքվում կազմակերպված միջազգային համաժողվի մասնակիցները, այդ թվում՝ դեսպանությունների և Կարմիր Խաչի ներկայացուցիչներ, նախօրեին այցելել են Աղդմնի շրջանի Սերխավենդ գյուղ։ Ադրբեջանի իշխանությունները պնդում են, թե այնտեղ «չորս զանգվածային գերեզմանոց են գտել»։

XS
SM
MD
LG