Մատչելիության հղումներ

Բաքվում Արցախի նախկին ղեկավարների գործերով նախաքննությունն ավարտվել է, սակայն, նյութերը դատարան դեռ չեն ուղարկվել


Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, Լևոն Մնացականյան, Դավիթ Մանուկյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Բաբայան
Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, Լևոն Մնացականյան, Դավիթ Մանուկյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Բաբայան

«Բաքվում ձերբակալված հայ անջատականների դեմ հարուցված քրեական գործերի նախաքննություններն ավարտվել են», - այսօր հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը։

Նա նշել է, որ այժմ քրեական գործերի նյութերին ծանոթանալու փուլն է, որը, նրա խոսքով, բավական երկար ժամանակ է պահանջում, «քանի որ տուժածների թիվը շատ մեծ է»։

«Գործով կան բազմաթիվ տուժածներ, գործի նյութերին ծանոթանալուց հետո դրանք կուղարկվեն դատարան», - պարզաբանել է Ալիևը։

Ընդգծելով, որ «մեղադրյալի իրավունքները ապահովվում են միջազգային կոնվենցիաների և ազգային օրենսդրության պահանջներին համապատասխան»՝ Ադրբեջանի գլխավոր դատախազը նաև ասել է, որ նրանցից յուրաքանչյուրն ունի մի քանի իրավաբան և նյութերին ծանոթանալու իրավունք։

«Մեղադրանքները բավականին լուրջ են։ Դրանք անջատողականության, մեր պատմամշակութային հուշարձանների ոչնչացման մեղադրանքներ են», - լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Քամրան Ալիևը։

Դեռ սեպտեմբերի սկզբին էր Բաքուն հայտարարել, որ Արցախի նախկին պաշտոնյաների գործի նյութերը մոտ ժամանակներս կուղարկվեն դատարան։

Ադրբեջանի կողմից Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով 16 անձ է գերեվարվել։ Գերեվարվածների շարքում են նաև արցախցի ութ պաշտոնյաները՝ նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Բաքուն նրանց ծանր մեղադրանքներ է առաջադրել։

«Բաքվին ավելի շատ հետաքրքրում է անհայտ կորածների ճակատագիրը, քան փոխհատուցումը»

Լրագրողների հետ զրույցումը գլխավոր դատախազը անդրադարձել է նաև Հայաստանից փոխհատուցում պահանջելու գործերի ընթացքին։

«Ղարաբաղյան առաջին պատերազմում անհայտ կորած մեր քաղաքացիների առնչությամբ Հայաստանից փոխհատուցում պահանջող Ադրբեջանի պահանջների վերաբերյալ գործերը նույնպես ընթանում են միջազգային իրավունքի շրջանակներում», - ասել է Ալիևը՝ նշելով՝ Բաքվին ավելի շատ հետաքրքրում է անհայտ կորածների ճակատագիրը, քան փոխհատուցումը։

«Այս ոլորտում համատեղ աշխատանքներ են տարվում ինչպես Պետական պահպանության ծառայության, այնպես էլ Կալանավորների և անհայտ կորածների և պատանդ վերցված քաղաքացիների պետական հանձնաժողովի աշխատակիցների հետ։ Անհայտ կորածների աճյունների գտնվելու վայրը պարբերաբար ճշտվում և հանձնվում են հարազատներին՝ ապահովելով հուղարկավորությունը։ Ցավոք, հայկական կողմը տվյալ զանգվածային գերեզմանների մասին տեղեկատվություն չի տրամադրում։ Հետևաբար, այս գործընթացը, թեև դժվարությամբ, բայց իրականացվում է։ Այս ոլորտում զգալի առաջընթաց է գրանցվել», - ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազը:

Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող Հայաստանի միջգերատեսչական հանձնաժողովն ամիսներ առաջ արձագանքելով Ադրբեջանի մեղադրանքներին, թե հայկական կողմը հրաժարվում է տեղեկություններ տրամադրել Ադրբեջանի անհետ կորած քաղաքացիների մասին, Ադրբեջանի համապատասխան կառույցին առաջարկել էր ակտիվացնել համագործակցությունը:

Հայաստանը 2020-ի նոյեմբերից ի վեր Ադրբեջանին է փոխանցել 44-օրյա պատերազմում զոհված 51 ադրբեջանցիների մարմինների, ինչպես նաև 90-ականներին զոհված շուրջ 50 անձանց մարմինների գտնվելու հնարավոր վայրերի մասին տեղագրական նյութեր, որոնք ստացվել են ԼՂ ներկայացուցիչներից:

Բացի այս, ըստ հանձնաժողովի, Ադրբեջանին են փոխանցվել 90-ականների զոհված 140 ադրբեջանցիների ոսկրեր, որոնք ստացվել են ԼՂ ներկայացուցիչներից:

Հանձնաժողովը նաև շեշտել է, որ 993 Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ և ԼՂ հայեր համարվում են անհետ կորած 90-ականների սկզբից, 2020 թվականի 44-օրյա պատերազմում և դրանից հետո Հայաստանի Հանրապետությունը լրջորեն հետաքրքրված է նրանց ճակատագրերի պարզաբանմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG