Մատչելիության հղումներ

Փաշինյանը վերահաստատում է խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստն առաջիկայում ստորագրելու պատրաստակամությունը


Չնայած Բաքվի երեկվա մերժմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան կրկին վերահաստատեց խաղաղության պայմանագրի այս պահին համաձայնեցված տեքստը ստորագրելու, չհամաձայնեցված հարցերը ապագային թողնելու պատրաստակամությունը։

«13 հոդվածներ և նախագծի նախաբանն ամբողջությամբ համաձայնեցված են, ևս երեք հոդվածներ, որոնք բաղկացած են հիմնականում երկու նախադասությունից, մեկը համաձայնեցված է, մյուսը համաձայնեցված չէ: Հաշվի առնելով, որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված դրույթներն, ըստ էության, ներառում են հարաբերությունների հաստատման միջազգայնորեն ընկալելի անկյունաքարային հիմնարար դրույթները, մենք առաջարկում ենք վերցնել այս պահին այն, ինչ որ համաձայնեցված է, ստորագրել այն, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումները մնացած հարցերի վերաբերյալ», - նշեց Փաշինյանը:

Հենց Երևանի այս առաջարկն է Բաքուն անընդունելի համարում։ Հայկական կողմն այն օգոստոսի վերջին որպես պայմանագրի նախագծի 10-րդ խմբագրում ուղարկել էր Բաքու։ Բուն առաջարկը մերժելուց բացի Ադրբեջանի արտգործնախարարությունից կրկին պայմանագիրը ստորագրելու նախապայման դարձրին Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը

«Հայկական կողմը Ադրբեջանի ներկայացրած մեկնաբանություններին ադեկվատ պատասխան տալու փոխարեն փորձեց աչք փակել խնդիրների վրա՝ նախագծից բացառելով այն դրույթները, որոնք պետք է արտացոլվեն։ Մինչև այս պահը նախագծի մոտ 80 տոկոսը համաձայնեցված է, սակայն դա չի նշանակում, որ համաձայնագիրը պետք է ստորագրվի, ինչպես առաջարկում է հայկական կողմը, նախագծից հանված չհամաձայնեցված դրույթներով։ Խաղաղության համաձայնագրի կայուն ու հաջողակ լինելու համար պետք է հստակեցվեն խնդրահարույց հարցերը», - հայտարարել էր ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Վարչապետն ընդհանուր գծերով համաձայնեցված 2 կետ բացահայտեց

Ո՛չ համաձայնեցվածների, ո՛չ դեռ վիճելի մնացած հոդվածների դրույթներն ամբողջությամբ հրապարակված չեն։ Բայց Հայաստանի վարչապետն այսօր Երևանում անցկացվող միջազգային համաժողովում ընդհանուր գծերով համաձայնեցված 2 կետ բացահայտեց։

«Խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածներից մեկում նախատեսված է մեխանիզմ, որը երկու կողմերին՝ Հայաստանի Հանրապետությանը և Ադրբեջանի Հանրապետությանը հնարավորություն կտա համատեղ մեխանիզմի միջոցով շարունակել քննարկումները: Էլ չեմ ասում խաղաղության պայմանագրի այս պահին համաձայնեցված մասում նախատեսվում է ակնհայտորեն դրույթ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Հետևաբար մենք կարող ենք գնալ նման լուծումների», - ընդգծել է վարչապետը:

Մոտ երկուսուկես ամիս առաջ, մինչդեռ, հենց Երևանն էր հայտարարել, թե քանի դեռ խաղաղության պայմանագրում ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչինչ համաձայնեցված չէ։ Այդ մասին հունիսի վերջին Անվտանգության խորհրդի քարտուղարն էր ասել։

Ինչո՞ւ հայկական կողմը փոխեց դիրքորոշումը. - «Հիմա էլ կարող ենք դա ասել՝ քանի ամեն ինչ համաձայնեցված չի, ոչինչ համաձայնեցված չի: Մենք չենք առաջարկում ստորագրել չհամաձայնեցված բաները, մենք ասում ենք, որ համաձայնագրի բովանդակության մեծ մասը համաձայնեցված է, երբ որ մնացած մասն էլ կհամաձայնեցվի կստորագրենք»:

Ընդդիմադիրները չեն կարծում, թե Երևանի վերջին առաջարկը խաղաղություն կարող է բերել. իշխանական պատգամավորը հակադարձում է

Չնայած իշխանության փաստարկներին, ընդդիմադիրները չեն կարծում, թե Երևանի վերջին առաջարկը խաղաղություն կարող է բերել, իսկ Բաքվի բարեհաճությանը խիստ կասկածում են:

«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանի կարծիքով՝ Ադրբեջանն այնքան ժամանակ փաստաթուղթ չի ստորագրի, քանի դեռ Հայաստանի իշխանությունը համաձայնում է կատարել նախապայմանները։

«Բանակցային պրոցես Հայաստանի և Ադրբեջանի միջև չի եղել, եղել է Ադրբեջանի կողմից միակողմանի հրահանգավորում և եղել են Հայաստանի իշխանությունների կողմից միակողմանի զիջումներ: Որոշ զիջումներ փաստաթղթավորված են, հիմքով է ինչ-որ եղել, որոշ զիջումներ, երբ ասում ես՝ տակը թուղթ կա՞, չեն ներկայացնում, մասնավորապես օրինակ, ինչի հիման վրա Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետությունը դուրս բերեց իր ստորաբաժանումները», - ասաց Խաչատրյանը:

Փաշինյանի կուսակից Արթուր Հովհաննիսյանը հակադարձեց դաշնակցական պատգամավորին. - «Չի կարող Հայաստանի Հանրապետության հետ որևէ մեկը խոսել պահանջների լեզվով և մենք էլ գնանք էդ պահանջները կատարելու ճանապարհով»:

Այս հայտարարությունից 4 ամիս առաջ էր վարչապետն ասում՝ Տավուշ-Ղազախ հատվածում սահմանազատումը մերժելու դեպքում շաբաթվա վերջին պատերազմ կսկսի։

Արդյոք Բաքվի նոր պահանջները չկատարելու դեպքում գործընթացը փակուղի՞ է մտնում։ Արթուր Հովհաննիսյանն այդպես չի կարծում։ Չի բացառում, որ Ադրբեջանի կոշտ հռետորաբանության վրա երրորդ երկրներ են ազդում, այդ թվում՝ Ռուսաստանը։

«Ծանոթ ենք Ադրբեջանի նման մոտեցումներին, ծանոթ ենք տարածաշրջանի այլ երկրների մոտեցումներին և դրանց ազդեցությանը մեր և Ադրբեջանի խոսակցության վրա, էս ամեն ինչը հաշվի առելով ենք շփվում Ադրբեջանի հետո և այս ամեն ինչը հաշվի առնելով ենք որոշումներ կայացնում», - ընդգծեց իշխանական պատգամավորը:

Օրեր առաջ հայտարարվեց, որ Հայաստանը վարչապետի մակարդակով կմասնակցի հոկտեմբերին Կազանում կայանալիք BRICS-ի համաժողովին, որտեղ այս տարի Ռուսաստանն է նախագահում։

XS
SM
MD
LG