Բաքվում պահվող Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ու մյուս 4 բարձրաստիճան պաշտոնյաները շուտով կկանգնեն ադրբեջանական դատարանի առջև, ռուսական News.ru լրատվամիջոցին փոխանցել է Ադրբեջանի գլխավոր դատախազը։ Քամրան Ալիևը, սակայն, դատաքննության մեկնարկի վերաբերյալ հստակ ժամկետներ չի նշել։
«Քրեական գործի նյութերին ծանոթանում են ինչպես մեղադրյալները, այնպես էլ տուժողները։ Դուք գիտեք, որ այս քրեական գործով տուժողները շատ են։ Այս բոլոր քննչական միջոցառումներն իրականացնելուց հետո գործը կուղարկվի դատարան», - ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազը։
Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին Ադրբեջանն ահաբեկչության ծանր հոդվածներով մեղադրանքներ էր առաջադրել անցած տարի՝ Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից ու նրանց ձերբակալությունից օրեր անց։ Եթե դրանք դատարանը դրանք հաստատի, նրանց մինչև ցմահ ազատազրկում է սպառնում։
Մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով հայտնի երկրի գլխավոր դատախազը պնդել է, թե Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների գործը դատարանը քննելու է «միջազգային չափանիշներին և Ադրբեջանի քրեական օրենսդրությանը համապատասխան»։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նշեց. - «Ադրբեջանում ընդհանրապես էթնիկ հայերի նկատմամբ չեն կարող իրականացվել անկողմնակալ ու անկախ մարմինների կողմից դատավարություններ»:
«Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցը բարդ է»
Ադրբեջանում պահվող Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ու մյուս գերիների հարցով Երևանը հայցեր է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական ու ՄԱԿ-ի արդարադատության դատարաններ, այդ թվում՝ Բաքվից պահանջելով պաշտպանել նրանց իրավունքները, անհապաղ ազատ արձակել նրանց։
«Մի շարք այլ հարցեր, որոնք վերաբերելի են անմեղության կանխավարկածին, որոնք ըստ էության մենք էինք բացահայտել ու դարձյալ կիսել միջազգային գործընկերների հետ, այս ամենը հիմք է տալիս եզրակացնելու, որ անկախ ամեն ինչից այս գործընթացները իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին չեն համապատասխանում», - ասաց Մանասյանը:
Բաքվում մեկնարկելիք դատաքննությանը Հայաստանը ուղիղ չի կարող ներգրավվել, ոչ էլ միջազգային փաստաբաններ կարող են արցախցի պաշտոնյաների շահերի պաշտպանությամբ զբաղվել: Միջազգային դատարաններում հայ գերիների հարցերով զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ դա Ադրբեջանում օրենքով է սահմանափակվում։ Իսկ հանրային պաշտպաններն էլ ձևական են գործում։
«Բազմաթիվ հայրենադարձված հայերի միջոցով մենք պարզել ենք, որ անգամ տեսակցություններ չեն եղել, նրանք չեն քննարկել գործը, երբեմն վատ վերաբերմունքի և խտրականության են արժանացել նաև այս իրավունքի իրացումն ապահովող մասնագիտական խմբի կողմից, ու հասկանալի է, որ Ադրբեջանը ձևական առումով ներգրավում է փաստաբանների, բայց վերջիններս որևէ կերպ չեն իրականացնում հայերի պաշտպանությունը», - նշեց Սիրանուշ Սահակյանը:
Ձերբակալվածների շահերի պաշտպանության համար, ըստ Սահակյանի, հայկական կողմը պետք է միջազգային հարթակներում ակտիվ աշխատի։ Իսկ արդյոք, ըստ նրա, գործող կառավարությունը բավարար քայլեր ձեռնարկո՞ւմ է այդ ուղղությամբ։
«Երբեմն ես շատ ծայրահեղ տեսակետներ եմ լսում, նախ, որ շատ արդյունավետ աշխատանք է կատարվում, նաև, որ որևէ աշխատանք չի կատարվում: Երկու տեսակետն էլ չեմ կիսում, կարծում եմ, որ կառավարությունն աշխատանքներ տանում է, մենք կարող ենք քննարկման առարկա դարձնել դրա արդյունավետությունը: Նշեմ, որ կառավարությունը միջպետական գանգատ ներկայացրել է իր բազմաթիվ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցով: Դրանց մեջ ներառված են նաև արցախի նախկին ղեկավարները», - ընդգծեց իրավապաշտպանը:
Սիրանուշ Սահակյանի գնահատմամբ՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցը բարդ է ու այստեղ ինտեսիվ դիվանագիտական բանակցությունների անհրաժեշտություն կա։
«Շատ կարևոր երաշխիք է օտարերկրյա քաղաքացիների ձերբակալման կամ կալանավորման դեպքում իրենց քաղաքացիության երկրից հյուպատոսական այցելություններ ունենալը: Հայ-ադրբեջանական դիվանագիտական հարաբերությունների բնույթով պայմանավորված հասկանալի է, որ Հայաստանի հյուպատոսական կազմը չի կարող այցելել այնտեղ պահվող ՀՀ քաղաքացիներին, բայց դրան փոխարինող գործիքակազմ միջազգային իրավունքը ստեղծել է: Այսինքն՝ հաջող դիվանագիտության պարագայում մեկ այլ հավատարմագրած դիվանագիտական հյուպատոսական ներկայացուցչություն կարող է իր վրա վերցնել այս պարտականությունը», - նշեց նա:
Հայաստանի վարչապետն անցած շաբաթ հայտնել էր, թե Երևանը շարունակում է զբաղվել գերիների հարցով։ Նա, սակայն, չէր հստակեցրել՝ արդյոք երկկողմ բանակցությունների, թե այլ ձևաչափով է Երևանը Բաքվի հետ այդ հարցը քննարկում։
Ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում, որից 8 -ը Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն են։