Փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը վստահեցնում է՝ Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ Ադրբեջանի կապի համար՝ ճանապարհի վերահսկողությունը մասնավոր ընկերությանը արտապատվիրակելով Հայաստանի ինքնիշխանության սկզբունքը չի խախտվում:
«Ընկերությունը կարող է ուղղակի սպասարկել», - «Ազատության» հարցին ի պատասխան՝ ասաց նա։
Վարչապետ Փաշինյանն օրերս հայտարարեց, թե պատրաստ են ճանապարհ տրամադրել Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապի համար` առանց Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը կասկածի տակ դնելու: Իբրև տարբերակ Փաշինյաննն առաջին անգամ խոսեց անվտանգության ապահովման գործառույթը մասնավոր պահնորդական կազմակերպությանն արտապատվիրակելու մասին։ Վարչապետը մանրամասներ չնշեց, միայն ասաց, թե հայկական կողմի այս ընկալումը դրական է ընդունվում և՛ Բաքվում, և՛ Մոսկվայում։
«Անվտանգության ապահովման լրացուցիչ գործառույթներ կարող են իրականացնել նաև ՀՀ-ում լիցենզավորված գործունեություն ծավալող, օրինակ, պահնորդական կազմակերպություններ», - ասել էր նա։
Փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանն այսօր վստահեցրեց՝ դեռ պարզ չէ, թե ինչ պահնորդական կազմակերպության մասին է խոսքը, բայց պնդեց՝ մասնավոր այդ կազմակերպության հետ ճանապարհին վերահսկողություն պետք է իրականացնեն նաև Հայաստանի մաքսային և սահմանապահ ծառայողները։
«Ազատություն». - Եթե հայկական կողմում այդ մասնավոր պահնորդական մասնավոր ընկերությունը լինի, Ադրբեջանում էլ պե՞տք է համապատասխանաբար այդպիսի ընկերություն կանգնի:
Մնացական Սաֆարյան. - Այո՛։
«Ազատություն». - Ազգությամբ ոչ հայե՞ր պետք է լինեն այդ կազմակերպությունում։
Մնացական Սաֆարյան. - Հավելյալ տեղեկություն չկա:
«Ազատություն». - Երբ մասնավոր ընկերությանն է արտապատվիրակվում այդ վերահսկողությունը, սրանով ինքնիշխանության սկզբունքը չի՞ խախտվում:
Մնացական Սաֆարյան. - Խոսվել է միայն հնարավորության մասին դրա։
Ո՛չ, իհարկե:
«Ազատություն». - Ինչպե՞ս, եթե Հայաստանի մաքսավորն ու սահմանապահը չեն իրականացնելու հսկողություն:
Մնացական Սաֆարյան. - Դա կախված է մանրամասներից: Ընկերությունը ուղղակի կարող է սպասարկել:
«Ազատություն». - Իսկ Հայաստանի մաքսավորը և սահմանապահը կանգնելո՞ւ են այդ ճանապարհին:
Մնացական Սաֆարյան. - Այո՛, իհարկե:
«Ազատություն». - Դուք վստահեցնո՞ւմ եք, որ եթե նույնիսկ այդ մասնավոր պահնորդական կազմակերպությունը իրականացնի հսկողություն, միևնույն է՝ հայ մաքսավորն ու սահմանապահը ունենալու են վերահսկողություն:
Մնացական Սաֆարյան. - Այո, իհարկե: «Խաղաղության խաչմերուկի» սկզբունքները նույնն են, որևէ բան չի փոխվել։
«Ազատություն». - Ինչո՞ւ եք այդ դեպքում ուրեմն մասնավորին պատվիրակում նման ֆունկցիա:
Մնացական Սաֆարյան. - Խոսվել է դրա հնարավորության մասին ուղղակի, դրա մանրամասները դեռևս պարզ չեն։
«Ազատություն». - Պայմանավորվածություն չունե՞ ք նախնական:
Մնացական Սաֆարյան. - Ոչ:
«Ազատություն». - Քանի որ Ադրբեջանը պնդում է, որ հայերը չպետք է լինեն, նշանակո՞ւմ է արդյոք, որ մասնավոր պահնորդական ընկերությունը պետք է լինի օտարազգի:
Մնացական Սաֆարյան. - Ոչ մի մանրամասն չկա:
Ընդդիմությունից պնդում են՝ Հայաստանի իշխանությունը իրականում կատարում է Բաքվի հերթական պահանջը
Ընդդմիությունից մինչդեռ պնդում են՝ խոսելով Հայաստանի սահմանին ինչ-որ մասնավոր ընկերությանն անվտանգության գործառույթներ արտապատվիրակելու պատրաստակամության մասին, Հայաստանի իշխանությունը իրականում կատարում է Բաքվի հերթական պահանջը։
«Հայաստանը հերթական անգամ ծնել է Ադրբեջանի պահանջի առաջ: Ադրբեջանն ասում է՝ հայերը չպետք է վերահսկողություն իրականացնեն, Փաշինյանն էլ համաձայնվել է», - նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավորի համոզմամբ՝ ճանապարհի անվտանգության ապահովումը մասնավոր ընկերությանը հանձնելով, խախտվում է Հայաստանի ինքնիշխանությունը։ Սահմանային հսկողությունը պետք է իրականացնեն Հայաստանի սահմանապահ և մաքսային ծառայությունները։
«Չգիտեմ՝ մասնավոր սահմանապահներ կան, թե չկան, չեմ բացառում, որ իրենք իրոք ինչ-որ մի կազմակերպություն կարող է ստեղծեն, «Ֆրոնտեքսն», օրինակ, խորհրդատվություն տրամադրի և այլն: Բայց ես սկզբունքորեն դեմ եմ այդ ամեն ինչին, և սահմանապահները պետք է ապահովեն սահմանների անվտանգությունն ու սահմաններից մուտք գործելը վերահսկեն, մեր մաքսային ծառայողներն էլ պետք է իրավունք ունենան ստուգել ցանկացած բեռ ու ցանկացած մարդու, ովքեր հատում են Հայաստանի մաքսային սահմանը», - նշեց Խաչատրյանը:
«Ազատության» դիտարկմանը, որ փոխարգործնախարարը վստահեցրեց՝ հայ մաքսավորներն ու սահմանապահները նույնպես պետք է վերահսկողություն իրականացնեն, դա հնարավո՞ր է, ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց. - «Այսինքն ի՞նչ, եթե պարսկական ապրանքներ են անցնում, ստուգելու են հայ սահմանապահներն ու հայ մասքավորները, եթե թուրքերն ու ադրբեջանցիներն անցնեն, ստուգելու են մասնավորները: Հասկանում եք, չէ՞, որ սրանով այս իշխանություններն ուղղակի հող են նախապատրաստում Ալիևի պահանջը բավարարելու համար, մնացածը դատարկ օդ է»:
Չնայած Հայաստանն ու Ադրբեջանը անցած ամիս հայտարարեցին, թե փոխադարձ համաձայնությամբ որոշել են խաղաղության համաձայնագրի նախագծից հանել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող հոդվածը, սակայն վերջին շրջանում կրկին ակտիվացել են Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապելու ճանապարհին վերաբերող քննարկումները, այդ թվում՝ տարածաշրջանի մյուս երկրների մասնակցությամբ։
Նախօրեին այս հարցը Իրանի արտգործնախարարի օգնական և Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրենը քննարկել է Իրանում Ռուսաստանի դեսպանի հետ։ Մոջթաբա Դեմիչիլուն Ալեքսեյ Դեդովին ասել է, որ Իրանը դեմ է Կովկասում միջզգայանորեն ճանաչված սահմանների փոփոխությանը և որ պետք է հաշվի առնել նաև տարածաշրջանի բոլոր երկրների հետաքրքրություններն ու հիմնավոր մտահոգությունները։
Իրանից բարձր մակարդակով հնչող այս զգուշացումներին նախորդել էր Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունները։ Սերգեյ Լավրովը մոտ 2 շաբաթ առաջ ուղիղ տեքստով մեղադրել էր Երևանին Սյունիքով անցնող հաղորդակցությունների հարցով համաձայնությունը «սաբոտաժի» ենթարկելու մեջ։