Մատչելիության հղումներ

Բազում տարիների առաջին լուրջ փաստաթուղթը՝ ստորագրված երկու կողմից. Թաթիկյանը՝ սահմանազատման կանոնակարգի մասին


Միջազգային հարաբերությունների և անվտանգության մասնագետ Սոսի Թաթիկյանը դրական է համարում այն, որ երեկ հրապարակված սահմանազատման կանոնակարգում հիշատակված է Ալմա-Աթայի հռչակագիրը:

Միաժամանակ, «Ազատությանը» տված հարցազրույցում Թաթիկյանն ընդգծեց` կիսում է մտավախությունը, որ փաստաթղթում կոնկրետ քարտեզ նշված չէ. - «Հիմա դա կարելի է այսպես մեկնաբանել, որ երբ այնտեղ լինեն վիճահարույց հատվածներ, որոնք ստեղծեն ինչ-որ նոր հակամարտության պոտենցիալ օջախներ, այդ ժամանակ այն թվականի քարտեզը կիրառել, որը փորձի խուսափել հակամարտության նոր օջախ ստեղծելուց»:

«Սակայն սա, իհարկե, ցանկություն է և հնարավորություն, և քանի որ մենք գիտենք Ադրբեջանի ծավալապաշտական և ագրեսիվ քաղաքականությունը և այն, որ ուժերի հավասարակշռությունը՝ ռազմական և ինչ-որ առումով նաև քաղաքական, Ադրբեջանի օգտին է, Ադրբեջանը կարող է այդ անորոշությունը շահարկել իր օգտին, և ոչ թե մենք կարողանանք մեր օգտին օգտագործել», - նշեց միջազգային հարաբերությունների և անվտանգության մասնագետը՝ շարունակելով. - «Եթե սահմանազատումը և սահմանագծումը գնա բնական ճանապարհով, հատված առ հատված, դա պետք է տրամաբանորեն հանգեցնի այն բանին, որ Ադրբեջանը հետ քաշվի այդ 260 պլյուս մինուս՝ ոչ մեկը, ինձ թվում է, չգիտի կոնկրետ թիվը, իր գրաված այդ տարածքներից: Սակայն հարցը այն է, թե, առաջին, դա ինչքա՞ն կտևի, երկրորդը՝ արդյո՞ք Ադրբեջանը դա կանի, թե՞ օգտվելով աշխարհաքաղաքական որոշակի հանգամանքներից, երբ իր համար բարենպաստ պահ լինի, էլի դիմի ագրեսիայի և մի բան էլ նոր տարածք գրավի»:

Այդուհանդերձ, ըստ Թաթիկյանի, «տրամաբանորեն սա կարելի է համարել առաջընթաց և կարելի է ասել, որ սա բազում տարիների ընթացքում առաջին լուրջ փաստաթուղթն է, որը ստորագրվել է երկուսի կողմից». - «Սակայն այստեղ էլ մի մտահոգություն կա, որ մենք առաջարկում էինք, որ այս խումբը լինի ոչ թե երկկողմ, այլ լինի՝ այն ժամանակ մենք ասում էինք ԵԱՀԿ, քանի որ ԵԱՀԿ-ն ուներ նման փորձ, հետո, երբ Շառլ Միշելը եկավ Հայաստան, եթե չեմ սխալվում, դա 21 թվականի հուլիսն էր, նա ասաց, որ Եվրամիությունը կարող է այս հարցում օգնել, սակայն դե ֆակտո Եվրամիությունը երբևէ չի մասնակցել այդ գործընթացին՝ ամենայն հավանականությամբ որովհետև Ադրբեջանն է դուրս մղել Եվրամիությունը այս գործընթացից»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հայտարարարությանը, թե եկել է ժամանակը՝ դադարեցնելու Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը, Սոսի Թաթիկյանը շեշտեց, որ այն «արդեն աբսուրդի ժանրից է»: «Եվ մեր կողմը պետք է միանշանակ շատ հստակ հակադարձի, որ դա անգամ ծիծաղելի էլ չէ՝ այդ թեզը, որ սա այնքան փոքր առաջընթաց է և դեռ տեսական, անգամ չի վավերացվել, չի սկսվել իրագործել, և իրագործման համար պետք է համապատասխան պայմաններ լինեն, և Եվրամիության առաքելության ներկայությունը հենց այդ պայմաններից մեկն է և շատ կարևոր պայման է», - հայտարարեց միջազգային հարաբերությունների և անվտանգության մասնագետը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG