Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե պաշտոնական Երևանը «հապաղում է Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում» և «անտարբերություն է ցուցաբերում տարածաշրջանում խաղաղության հասնելու հարցում»։
«Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրով և տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու։ Հայաստանը միտումնավոր ժամանակ է ձգում, նոր զենքեր է գնում Ֆրանսիայից, այլ արևմտյան երկրներից, իր տարածքում երրորդ կողմերի հետ անցկացնում է զորավարժություններ»,- այսօր այդ մասին ասել է Ալիևը ադրբեջանա-թուրքական միջխորհրդարանական խմբի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ։
Ալիևը նաև նշել է, թե Հայաստանը երկակի վերաբերմունք ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի հարցին։ «Եթե հակամարտությունն անցյալում է, և Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ապա ի՞նչ կարիք կա պահպանել Մինսկի խումբը, որն անցյալի մնացորդ է»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։
Երևանը բազմիցս վերահաստատել է բարձր և բարձրագույն մակարդակով բանակցություններն ինտենսիվացնելու և կարճ ժամանակահատվածում խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնելու իր առաջարկը։ Հուլիսին արտգործնախարար Արարատ Միրզոյանը մեկ անգամ չէ, որ հայտարարեց Երևանի առաջարկին՝ մեկ ամսում ամբողջացնել ու ստորագրել հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, Բաքուն դրական չի արձագանքում։
Բացի այդ, հայկական կողմը հայտարարել է՝ Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել առաջին հերթին խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում։
Իլհամ Ալիևը նորից կրկնել է, որ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրության մեջ վերացնել տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ և փոխել Սահմանադրությունը։
- Հայաստանի իշխանությունը Սահմանադրության փոփոխությունը համարում է իր ներքին հարցը, իսկ այն փոխելու Բաքվի պահանջները որակում անընդունելի:
- Երկու ամիս առաջ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր՝ խաղաղության պայմանագրի նախագծում դրույթ կա, որ կողմերը տարածքային պահանջներ չունեն միմյանց նկատմամբ: Բացի այդ, նաև համաձայնել են ամրագրել, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ խաղաղության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար: Երևանում սա բավարար են համարում, Բաքվում՝ ոչ։