Ուկրաինայի ժողովրդին Ամերիկայի «անսասան աջակցությունն» է վերահաստատել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի Անկախության տոնի նախօրեին նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում:
Բայդենը հայտարարել է նաև Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը ներառում է հակաօդային պաշտպանության հրթիռներ, անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի միջոցներ, հակատանկային հրթիռներ և այլ զինամթերք:
Թեև Սպիտակ տան հաղորդագրությունում թվեր նշված չեն, լրատվամիջոցները, վկայակոչելով ԱՄՆ անանուն պաշտոնյային, հայտնում են 125 միլիոն դոլարանոց փաթեթի մասին:
Երեկ ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր նոր պատժամիջոցների մասին շուրջ 400 կազմակերպությունների և անհատների նկատմամբ, որոնք, ըստ պաշտոնական Վաշինգտոնի, նպաստում են Ռուսաստանի անօրինական պատերազմին և իրականացնում են մատակարարումներ ռուսական ռազմական արդյունաբերությանը: