Սպանությունը տեղի է ունեցել Թեհրանում, ըստ ԶԼՄ-ի՝ հրթիռի հարվածի հետևանքով
«Համաս» խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն սպանվել է Թեհրանում։ Իրանի հոգևոր առաջնորդը վրեժից է խոսում։ Աշխարհի տարբեր անկյուններից արդեն իսկ հնչում են մտահոգություններ՝ էլ ավելի չի՞ սրի արդյոք այս սպանությունը իրավիճակը Մերձավոր Արևելքում։
ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված խմբավորման քաղբյուրոյի ղեկավարը երեկ մասնակցում էր Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։ Իրանը մանրամասներ չի հաղորդել, թե ինչպես է սպանվել Հանիեն։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարձակումը հետաքննվում է:
«Ալ-Հադաս» հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ 62-ամյա Հանիեն սպանվել է Թեհրանի ժամանակով գիշերը ժամը 2-ին «բառացիորեն անկողնում»՝ ուղիղ հրթիռի հարվածի հետևանքով։
Առաջին գրառումներից մեկն X-ի միկրոբլոգում արեց երկրի նորընտիր ղեկավար Մասուդ Փեզեշքիանը․ «Իրանի և Պաղեստինի ժողովրդի միջև կապն ավելի ամուր կլինի, քան երբևէ: Իրանի Իսլամական Հանրապետությունը կպահպանի իր տարածքային ամբողջականությունը, պատիվը և կստիպի ահաբեկիչներին զղջալ իրենց վախկոտ արարքների համար»։
Իրանի արձագանքը
Իրանի պետական հեռուստատեսության վերլուծաբաններն Իսրայելին են մեղադրել հարձակման համար։ Նկատենք, որ ավելի վաղ՝ հուլիսի 27-ին, Գոլանի բարձունքների վրա հարձակումից հետո Իսրայելը խոստացել էր պատասխան հարված հասցնել։ Պաշտոնական արձագանք Իսրայելից առայժմ չկա։ Սակայն, այսօր ավելի վաղ կառավարության մամուլի գրասենյակի ֆեյսբուքյան էջում տեղադրվել էր Հանիեի լուսանկարը՝ ճակատին «Վերացված է» գրությամբ: Գրառումն ավելի ուշ առանց որևէ բացատրության ջնջվել էր։
Այսօր առավոտյան Իրանի պետական հեռուստաընկերության եթերով առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ սրել հակամարտությունը Մերձավոր Արևելքում։ Իրանի գերագույն առաջնորդ ալի Խամենեին էլ զգուշացրել է, որ Իսրայելը «դաժան պատժի» հիմք տվեց, և Թեհրանի պարտականությունն է վրեժ լուծել «Համաս»-ի առաջնորդի մահվան համար, քանի որ այն տեղի ունեցավ Իրանի մայրաքաղաքում։
Իրանի էմոցիոնալ կամ հապճեպ գործողությունը կարող է վտանգավոր լինել. վերլուծաբան
Ի՞նչ նոր վտանգներ կառաջանան, եթե Իրանը դիմի կոշտ հակահարվածի։ Արտերկրում բնակվող իրանցի քաղաքական վերլուծաբան Ալիռեզա Նամվար Հաղիղին կարծում է, որ Իրանի կողմից էմոցիոնալ կամ հապճեպ գործողությունը կարող է վտանգավոր լինել, այն պետք է լինի օրինական, լավ մտածված։
Վերլուծաբանի կարծիքով՝ սա կարող է լինել այն ծուղակը, որը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մտադիր էր լարել Իրանի դեմ, և Եթե Իրանը չկարողանա հստակ սահմաններ, կարմիր գծեր դնել մի շարք հարցերի շուրջ, հետևանքները կարող են շատ ավելի բարդացնել իրավիճակը։
Մեկ խնդիր ևս վեր հանեց այս սպանությունը՝ որքա՞ն են խոցելի Իրանի հետախուզական կարողությունները։ Վերլուծաբանի կարծիքով՝ նախքան որևէ բարձր ռիսկային գործողություն ձեռնարկելը պետք է շտկել ներքին խնդիրները։
Միջազգային արձագանքը
Թեհրանում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունն անարձագանք չմնաց աշխարհում։ Պաղեստինի նախագահն սպանությունը որակեց «վախկոտ արարք»՝ վտանգավոր զարգացումներով։ Երկրում բողոքի ցույցեր են այս կապակցությամբ։ Ռուսաստանը կոչեց այն «անընդունելի քաղաքական սպանություն», Թուրքիան նախազգուշացրեց, որ այս ամենը նշանակում է մի բան՝ պատերազմը Իսրայելի և «Համաս»-ի միջև Գազայի հատվածում երկարաձգվելու է:
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն էլ լրագրողին պատասխանեց՝ Վաշինգտոնը կփորձի թուլացնել լարվածությունը՝ պաշտպանելով Իսրայելին։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենք էլ այսօր ընդգծել է՝ որքանով է կարևոր հրադադարը։
Պատանդների հարազատները փորձում են հույսը չկորցնել
Հանիեի սպանությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Վաշինգտոնը ձգտում է, որ կողմերը ժամանակավոր զինադադարի գան և Գազայում պատանդներին ազատ արձակելու գործարքի շուրջ բանակցեն: Պատանդների ընտանիքներն, այդուհանդերձ, դեռ հույս ունեն, որ աղմկահարույց այս սպանությունը բացասաբար չի անդրադառնա այդ գործարքի վրա։
«Իսմայիլ Հանիեն ներքաշված էր իմ զարմիկի առևանգման մեջ, սակայն ես վրեժի ծարավ չեմ, ես հույսով եմ ապրում։ Հանիեն պատասխանատվություն էր կրում այն ամենի համար, ինչ տեղի է ունենում։ Միակ բանը, որ ես հիմա ցանկանում եմ, այն է, որ մեր պատանդներին ազատ արձակեն։ 115 մարդ, որոնցից մեկը իմ զարմիկն է՝ նրանք ոչ մի վատ բան չեն արել։ Նրանք արժանի են տուն վերադառնալ», - ասել է հարազատներից մեկը։
2024 թվականի սկզբին Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածի հետևանքով սպանվել էին Հանիեի երեք որդիներն ու երեք թոռները։ Նրա հարևաններն այսօր իրենց վշտի մասին են պատմել լրագրողներին։
62-ամյա Հանիեն 2006 թվականից համակարգում էր «Համաս»-ի քաղաքական գործողությունները՝ որպես շարժման քաղբյուրոյի նախագահ և կենտրոնական դերակատարում ուներ Իսրայելի հետ հրադադարի ու պատանդների փոխանակման շուրջ վերջին բանակցություններում: