Մատչելիության հղումներ

Անկարան կոչ է անում Արևմուտքին Գազայում հրադադարի հարցով ճնշում գործադրել Իսրայելի վրա


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, արխիվ

Անկարան ողջունում է «Համաս»-ի որոշումը Գազայում հրադադարի մասին առաջարկներն ընդունելու շուրջ, երեկ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք ուրախ ենք, որ «Համաս»-ը հայտարարեց հրադադարի համաձայնության մասին, այժմ Իսրայելը պետք է գնա նույն քայլին», - ասել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը կոչ է արել արևմտյան երկրներին՝ ճնշում գործադրել Իսրայելի վրա. - «Ես կոչ եմ անում արևմտյան բոլոր խաղացողներին հրադադարի հարցով ճնշում գործադրել Իսրայելի վարչակազմի վրա»:

Երեկ «Համաս»-ը հաղորդեց, որ իրենց առաջնորդ Իսմայիլ Հանիեն հեռախոսազրույցներ է ունեցել Քաթարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդել Ռախման Ալ Թանի և Եգիպտոսի հետախուզության վարչության ղեկավար Աբաս Քամելի հետ և միջնորդներին տեղեկացրել, որ «Համաս»-ը հավանություն է տվել նրանց առաջարկած կրակի դադարեցման համաձայնագրին։

Ըստ Reuters-ի՝ Իսրայելը, սակայն, ավելի ուշ հայտարարել է, որ իրեն պայմանները չեն բավարարում։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ զինադադարի առաջարկը չի համապատասխանում Իսրայելի պահանջներին, սակայն պատվիրակություն կուղարկեն հանդիպելու բանակցողների հետ՝ փորձելով համաձայնության գալ: Նեթանյահուի գրասենյակը միևնույն ժամանակ նշել է, որ ռազմական կաբինետը հավանություն է տվել Ռաֆահում գործողությունները շարունակելուն։

Կատարի արտգործնախարարությունն իր հերթին տեղեկացրել է, որ իր պատվիրակությունը երեքշաբթի օրը կմեկնի Կահիրե՝ Իսրայելի և «Համաս»-ի միջև անուղղակի բանակցությունները վերսկսելու համար:

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է: Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 34 հազարը։

«Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։ Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները:

XS
SM
MD
LG