«Համաս»-ի Տելեգրամ ալիքում քիչ առաջ տեղադրված հաղորդագրության համաձայն՝ «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն հեռախոսազրույցներ է ունեցել Քաթարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդել Ռախման Ալ Թանի և Եգիպտոսի հետախուզության վարչության ղեկավար Աբաս Քամելի հետ և միջնորդներին տեղեկացրել, որ «Համաս»-ը հավանություն է տվել նրանց առաջարկած կրակի դադարեցման համաձայնագրին։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է: Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 34 հազարը։«Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։ Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները: