Վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը վերսկսել է մարզային այցերը։ Այսօր նա Վայքում էր։
«Մեր պայքարը որևէ ձևով մարելու ոչ տրամադրություն ունի, ոչ էլ նվազելու, այլ հակառակը՝ ավելի ամրանալու և ավելի մեծանալու ճանապարհ ունի», - հայտարարեց Գալստանյանը: - «Մեր պայքարը ոչ միայն հողի վրա է, այլ նաև՝ օդի մեջ։ Ո՞րն է օդը՝ եթերն է, եթերը, համացանցը, հիմնականում համացանցը։ Պետք է շատ ակտիվ ներգրավվեք, միայն նյութեր ստեղծելը չէ, որ մեր ժողովուրդը անում են, էդ նյութերի տարածումն էլ է կարևոր՝ յուրաքանչյուրի համար: Եվ դրա համար եմ ասել, որ ինձ համար էս պայքարը ոչ թե անձնական շահի, այլ անձնակա՛ն պայքար է, անձնական թեմա է, իմն է սա, իմը, հետևաբար՝ ինձ հետ էլ պիտի գերեզման գնա»:
Բագրատ արքեպիսկոպոսը խոստանում է իշխանությունների դեմ պայքարը վերսկսել աշնանը։ Մարզային կառույցներ են ստեղծում ու պատասխանատուներ նշանակում, Վայքի բնակիչների հետ հանդիպմանը պատմեց նա։
«Սրանց հեռացումը ուղղակի անհրաժեշտություն է մեր գոյության և պետության գոյության համար», - ասաց Գալստանյանը:
Շարժման առաջնորդը, որհունիսի 12-ի բախումներից հետո նահանջել է անհնազանդության ակցիաներից ու հրապարակներից, բակային ու համայնքային հանդիպումների անցել, համոզված է՝ իր առաջնորդած շարժումը նորից բազմամարդ կլինի, ինչպես մայիսի 9-ի հանրահավաքին.
«Մեր ժողովրդի արդար ընդզվումը և ցասումը պիտի կարողանանք ճիշտ հունով տանել և հասցնել այն ավարտին, որի փափագը բոլորս ունենք»:
Փափագը, ըստ նրա, վարչապետ Փաշինյանի հրաժարականն է, ինչին, ըստ Գալստանյանի, հնարավոր է հասնել, եթե նրան ընդդիմացող մարդիկ մտածեն՝ դա անհրաժեշտ է, և ոչ թե քննարկեն՝ հնարավոր կլինի՞, թե՞ ոչ. - «Եթե մարդը անընդհատ մտածի՝ հնարավոր է, թե հնարավոր չի, հնարավոր է, թե՝ ոչ, էս հարցադրման մեջ, սխալ է լինելու միշտ: Հարցադրման ելակետն է կարևոր՝ մենք ինչո՞ւ ենք ոտք դրել ճանապարհի մեջ՝ անհրաժեշտության պատճառով, ոչ թե հնարավորությունները չափելու պատճառով»:
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պայքարի սկզբից իշխանականները պնդել են, թե վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջը կեղծ օրակարգ է։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը վստահ է՝ աշնանն էլ հաջողության չեն հասնի։ Նրա խոսքով՝ քաղաքացին է որոշելու, երբ իշխանությանը տուն ուղարկի։
«Եվ Բագրատ սրբազ... ըըը, տերտեր Գապոնին խորհուրդ կտամ, որպեսզի ինքը ձերբազատվի ոչ քաղաքացիների աջակցությունից և նաև էն քաղաքացիների աջակցությունից, որոնք որ ժողովրդի շրջանակներում կոնկրետ համբավ ունեն, և փորձի իր շուրջ համախմբել մարդկանց, որոնք լուրջ ասելիք կունենան քաղաքական իմաստով, և պատրաստվի հերթական ընտրություններին: Եթե կհաջողվի իրեն քաղաքացուն համոզել, որ մեզ շուտ ճանապարհի մեր դիրքերից, ապա թող փորձի, ո՞վ է բան ասում», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Աղազարյանը:
Հերթական ընտրությունները սարերի հետևում չեն, երկու տարուց էլ պակաս ժամանակ է մնացել, ասում է իշխանական պատգամավորը: Նրա կարծիքով՝ մարդիկ հերթական ընտրություններից առաջ չեն ընկնի։