Մատչելիության հղումներ

Բայդենը լքեց ընտրարշավը, դեմոկրատներին հորդորեց առաջադրել Հարիսին


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և փոխնախագահ Քամալա Հարիսը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և փոխնախագահ Քամալա Հարիսը

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու մասին։ Բայդենը դեմոկրատներին հորդորել է իր փոխարեն նախագահի թեկնածու առաջադրել փոխնախագահ Քամալա Հարիսին։

«Որպես կուսակցության թեկնածու 2020 թվականին իմ առաջին որոշումն էր ընտրել Քամալա Հարիսին՝ որպես իմ փոխնախագահ: Եվ դա իմ կայացրած լավագույն որոշումն էր: Այսօր ես ուզում եմ իմ ամբողջական աջակցությունն ու հավանությունը հայտնել Քամալայի թեկնածությանը՝ որպես մեր կուսակցության այս տարվա թեկնածու: Դեմոկրատներ, ժամանակն է միավորվել և հաղթել Թրամփին։ Եկեք անենք դա», - գրել է նա X սոցիալական ցանցում։

ԱՄՆ նախագահը հրապարակած ուղերձում նշել է, որ կշարունակի պաշտոնավարել մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը՝ 2025 թվականի հունվարը, իսկ այս շաբաթ կդիմի ժողովրդին:

«Իմ կյանքի մեծագույն պատիվն է ծառայել որպես ձեր նախագահ: Եվ չնայած ես մտադիր էի վերընտրվել, կարծում եմ, որ իմ կուսակցության և երկրի լավագույն շահերից է բխում, որ ես հրաժարվեմ և կենտրոնանամ բացառապես նախագահի պարտականությունների կատարման վրա իմ մնացած ժամկետում»,- գրել է 81-ամյա Բայդենը։

Դեմոկրատական կուսակցությունն իր համագումարը կանցկացնի օգոստոսի 19-22-ը Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում:

Նահանգների նախագահի հայտարարությունը հնչում է Հանրապետական կուսակցության թեկնածու և նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ առաջին նախագահական բանավեճում նրա վատ ելույթի վերաբերյալ մտահոգությունների ֆոնին:

Բայդենն իր քաղաքական կարիերան սկսել է ավելի քան հինգ տասնամյակ առաջ, 36 տարի նա ԱՄՆ սենատոր է եղել և երկու ժամկետ պաշտոնավարել՝ որպես փոխնախագահ Բարաք Օբամայի օրոք: Իր նախագահության ընթացքում նա բախվեց մեծ մարտահրավերների՝ պայքարելու Covid-19 համաճարակի դեմ, մոբիլիզացնելով միջազգային աջակցությունն Ուկրաինային Ռուսաստանի լայնածավալ ներխուժման հետևանքով և Միացյալ Նահանգները դուրս բերելու տնտեսական ճգնաժամից:

Դեմոկրատական կուսակցության թեկնածու ընտրվելու դեպքում Կալիֆորնիայի նախկին դատախազ և սենատոր, 59-ամյա Հարիսը կդառնա առաջին սևամորթ կինը, որը կզբաղեցնի իշխող կուսակցության առաջին հորիզոնականը՝ Սպիտակ տան մրցապայքարում:

XS
SM
MD
LG