Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանի նոր կազմը կոչ է արել շարունակել աջակցությունն Ուկրաինային և դատապարտել Օրբանի այցը Մոսկվա


Նորընտիր Եվրախորհրդարանի լիագումար նիստը Ստրասբուրգում, 16-ը հուլիսի, 2024թ․
Նորընտիր Եվրախորհրդարանի լիագումար նիստը Ստրասբուրգում, 16-ը հուլիսի, 2024թ․

Եվրախորհրդարանի նոր կազմը, երեկ ընդունած բանաձևով, կոչ է արել շարունակել աջակցությունը Ուկրաինային և դատապարտել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի այցը Ռուսաստան։

Փաստաթուղթը սահմանում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի վերաբերյալ առաջին պաշտոնական դիրքորոշումը, նշվում է հաղորդագրությունում։

Բանաձևն ընդունվել է ձայների 495 կողմ, 137 դեմ և 47 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Փաստաթուղթը հաստատում է աջակցությունը Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, կոչ է անում ընդլայնել Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցները և բռնագրավել ռուսական սառեցված պետական ակտիվները։

«Վերահաստատելով համոզմունքը, որ Ռուսաստանը պետք է փոխհատուցում վճարի Ուկրաինային հասցրած ավերածությունների համար, Եվրախորհրդարանի պատգամավորները ողջունում են ԵՄ վերջին ջանքերը՝ ռուսական սառեցված ակտիվներից եկամուտներն ուկրաինական պատերազմին ուղղելու համար», - ասված է հայտարարությունում։

Եվրախորհրդարանը դատապարտել է Վիկտոր Օրբանի վերջին այցը Ռուսաստան։ Բանաձևում ասվում է, որ նա չի ներկայացնում ԵՄ-ն, և նրա այցը «պայմանագրերի և ԵՄ ընդհանուր արտաքին քաղաքականության բացահայտ խախտում է»: Հունգարիան «պետք է պատժվի այդ գործողությունների համար», նշվում է բանաձևում։

Հուլիսի 1-ից Հունգարիան ռոտացիոն կարգով ստանձնել է Եվրոպական խորհրդի նախագահությունը, որից անմիջապես հետո վարչապետ Վիկտոր Օրբանը ացելել է Կիև, Մոսկվա, Պեկին՝ այդ երկրների ղեկավարների հետ քննարկելով Ուկրաինայի հակամարտությունը։

Նա իր հանդիպումներն անվանել է «խաղաղության առաքելություն»։

Բրյուսելն այս այցերը չի արտոնել, Օրբանն ինքն է խաղաղության շուրջ հանդիպումները նախաձեռնել։

Այս այցերից հետո Օրբանը՝ ոչ հրապարակային նամակ է հղել ԵՄ ղեկավարությանը՝ նախազգուշացնելով՝ «առաջիկա երկու ամսում ուկրաինական ճակատում հնարավոր են ավելի դրամատիկ կորուստներ և ռազմական իրադարձություններ, քան երբևէ»։ Նամակում Օրբանը Բրյուսելին տեղեկացրել է Ուկրաինայի պարտության հարցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վստահության մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG