Մատչելիության հղումներ

Միշելը մերժել է Օրբանի խաղաղության առաջարկները


Վիկտոր Օրբան, Վլադիմիր Զելենսկի, Շառլ Միշել, Բրյուսել, 27-ը հունիսի, 2024թ․
Վիկտոր Օրբան, Վլադիմիր Զելենսկի, Շառլ Միշել, Բրյուսել, 27-ը հունիսի, 2024թ․

Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը պատասխան նամակ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին՝ նշելով՝ ԵՄ խորհրդի ռոտացիոն նախագահությունը միջազգային հարթակում չի ներկայացնում Եվրամիությունը, իսկ Հունգարիան համապատասխան մանդատ չի ստացել Եվրոպական խորհրդի կողմից։

Նամակում, որը թվագրված է հուլիսի 16-ով և հայտնվել է «Ազատության» Current Time-ի տրամադրության տակ, Շառլ Միշելը նշել է, որ հաշվի է առնում Հունգարիայի վարչապետի կարծիքներն ու առաջարկները, բայց միևնույն ժամանակ հիշեցնում է, որ Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը համաձայնեցվել է կոնսենսուսով և հաստատվել հունիսին կայացած վերջին առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ։

Եվրոպայի խորհրդի նախագահն ասել է, որ այդ օրը Եվրամիությունը վերահաստատել է Ուկրաինային և նրա ժողովրդին աջակցելու անսասան հանձնառությունը՝ որքան անհրաժեշտ կլինի։

Միշելը նաև հիշեցնում է Օրբանին, որ ԵՄ Խորհրդում ռոտացիոն նախագահող Հունգարիան միջազգային ասպարեզում Միության անունից հանդես գալու մանդատ չունի։

Շառլ Միշելը հերքել է Օրբանի պնդումը, թե ԵՄ-ն «պատերազմական քաղաքականություն» է վարում՝ նշելով, որ իրականում հակառակն է՝ «Ռուսաստանն է ագրեսորը, իսկ Ուկրաինան՝ զոհը, որն իրացնում է ինքնապաշտպանության իր օրինական իրավունքը»։

ԵՄ պաշտոնյան Ռուսաստանի կողմից իր զորքերի դուրսբերումն Ուկրաինայից համարել է խաղաղության ամենաուղիղ ճանապարհը։

Նամակում Եվրախորհրդի նախագահն ամփոփել է՝ Ուկրաինայի վերաբերյալ ոչ մի քննարկում չի կարող տեղի ունենալ առանց Ուկրաինայի։

Շառլ Միշելը նամակի կրկնօրինակն ուղարկել է ԵՄ անդամ երկրներին՝ նշելով, որ նամակագրության մասին կտեղեկացվի նաև Ուկրաինան։

Հուլիսի 1-ից Հունգարիան ռոտացիոն կարգով ստանձնել է Եվրոպական խորհրդի նախագահությունը, որից անմիջապես հետո վարչապետ Վիկտոր Օրբանը ացելել է Կիև, Մոսկվա, Պեկին՝ այդ երկրների ղեկավարների հետ քննարկելով Ուկրաինայի հակամարտությունը։

Նա իր հանդիպումներն անվանել է «խաղաղության առաքելություն»։

Պեկինից հետո Օրբանը մեկնել էր Ֆլորիդա ու հանդիպել ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հետ։ Թրամփի հետ հանդիպումից հետո նա X-ում գրառում է կատարել՝ նշելով․ - «Օրվա լավ լուրը. նա պատրաստվում է լուծել այս խնդիրը»։

Ավելի վաղ Թրամփը մի քանի անգամ հայտարարել է, թե նախագահ ընտրվելու դեպքում կարող է 24 ժամում կանգնեցնել արդեն ավելի քան երկու տարի շարունակվող ուկրաինական պատերազմը։ Թե ինչպես՝ մինչև այսօր չի հստակեցրել։

Բրյուսելը այս այցերը չի արտոնել, Օրբանն ինքն է խաղաղության շուրջ հանդիպումները նախաձեռնել։

Այս այցերից հետո Օրբանը՝ ոչ հրապարակայիննամակ է հղել ԵՄ ղեկավարությանը՝ նախազգուշացնելով՝ «առաջիկա երկու ամսում ուկրաինական ճակատում հնարավոր են ավելի դրամատիկ կորուստներ և ռազմական իրադարձություններ, քան երբևէ»։ Նամակում Օրբանը Բրյուսելին տեղեկացրել է Ուկրաինայի պարտության հարցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վստահության մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG