«Անցել ենք միասին կարևոր մի շրջան, որը մենք, ես վերլուծություններով ու ապրումներով կոչել եմ արթնության շրջան»․ վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն այսպես է բնութագրում իր սկսած պայքարի առաջին փուլը, որ ավարտվեց Ազգային ժողովի մոտ՝ բախումներով։
Բագրատ արքեպիսկոպոսի կարծիքով Կիրանցից Երևան պայքարը շարունակելով հաջողվեց մարդկանց թմբիրից արթնացնել։
«Այդ արթնությունը տեղի է ունեցել, թե հարցադրումների, թե ներգրավված լինելու, թե մասնակցային պատասխանատվություն ստանձնելու տեսքով», - ասաց արքեպիսկոպոսը։
Պայքարի երկրորդ փուլը ընդդիմադիր առաջնորդն անցկացնում է դահլիճային հանդիպումներով, մարզերում։ Այսօր էլ Կոտայքում էր։ Նա նախ Հրազդանում կանգ առավ, դահլիճում մի քանի տասնյակ հրազդանցիների հետ հանդիպեց ու զրուցեց իր սկսկած պայքարի մասին։
«Չեմ վախեցել որևէ փորձությունից ու ձախողումից, նվազագույնը՝ կարողացել եմ ասել, որ ես պարտվեցի, բայց փորձեցի ամբողջությամբ, բայց չփորձած արդեն վերջացած էի։ Եվ սա պիտի լինի մեր անելիքը։ Մեր ընթացքն, ի վերջո, հաղթանակի ընթացք է», - ասաց սրբազանը։
Ընդդիմադիր առաջնորդը թեև մեկ ամիս է՝ հեռացել է ակտիվ պայքարից, հանրահավաքներից ու փողոցային անհնազանդության ակիցներից, բայց շարունակում է վստահեցնել, որ իր սկսկած գործը հաջողությամբ է ավարտվելու։
«Ես տեսնում եմ այդ հաղթանակը և այդ ճանապարհը, ժամանակը շատ էլ հեռու չի։ Մենք ճիշտ հունավորելու, կամզակերպչական ու ճիշտ սահմանները դնելու իմաստով մենք շատ հետաքրքիր ու շատ շուտ էլ կհասնենք նրան, որը կոչվում է չարիքի ոչնչացում ու բարիքի հաղթանակ», - ասաց Բագրատ Գալստանյանը։
Հունիսի 12-ից՝ Ազգային ժողովի մոտ ոստիկանների ու ցուցարարների բախումներից հետո Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարեց փողոցից հեռանալու ու պայքարը վերաձևակերպելու մասին։ Այս ընթացքում մարզային այցերից բացի նաև քաղաքական ուժերի հետ է հանդիպում ու քննարկում անելիքները։
Այսօր նա ասաց ավելի հստակ՝ կամզակերպված ու մանրակրկիտ են աշխատելու․ համակարգող խումբ են ստեղծելու, բոլոր մարզերում, համայնքներում ներկայացուցիչներ կունենան։
«Սա լինելու է մեր ճանապարհը, նահանջ չկա այդ ճանապարհից, նահանջ նշանակում է հայտնվել թշնամու գրկում, ուղղակիորեն մեր պետությունը տեսնել վերջնական տապալման ու ձախողման մեջ ու արտագաղթել», - ասաց Գալստանյանը։
Սրբազանին ուղեկցում էին Հայաստան խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանն ու Արթուր Սարգսյանը։
Փաշինյանի միակ հենարանը ոստիկանական ուժերն են, իր ելույթում պնդեց դաշնակցական պատգամավորը և մարդկանց հետ այս հանդիպումներով, ըստ նրա, փորձում են վախի մթնոլորտը հաղթահարել։
«Մեր նպատակն այն է, որ կարողանանք բացատրական աշխատանքով այդ վախի մթնոլորտը հաղթահարել ու մարդկանց կարողանանք ասել, որ չկա ավելի կարևոր նպատակ, քան հայրենիք ազտագրումն է օկուպացիոն ռեժիմից», - ասաց Դանիելյանը։
Հրազդանից հետո նրանք շարժվեցին Չարենցավան։ Սրբազանը շրջեց փողոցներում, զրուցեց մարդկանց հետ ու հանդիպումը շարունակեց դահլիճում։
Իշխանության ներկայացուցիչներն այս պայքարի սկզբից պնդում էին, թե շարժումը մարելու է, Փաշինյանի հրաժարականի պահանջն էլ կեղծ օրակարգ է։
Ու թեև պայքարը չավարտվեց կառավարության հրաժարականով, շարժման առաջնորդը այսօր էլ պնդեց՝ շարժումը չի մարել, իր հունով շարունակվում է, պարզապես մարտավարությունն է փոխվել։