Մատչելիության հղումներ

«Մոսկվան ցավում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Երևանի մասնակցության համար»․ Գալուզին


Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզին, արխիվ
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզին, արխիվ

Ռուսական կողմն ափսոսանք է հայտնում Վաշինգտոնում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, Հայաստանի մասնակցության համար, «Ռիա Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Ընդգծելով, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ Գալուզինը նաև շեշտել է՝ Հայաստանը ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում բազմաթիվ երկկողմ պայմանագրերի կողմ է հանդիսանում։

«Մտահոգությունների շուրջ կառուցողական քննարկումներ ունենալու փոխարեն, ցավոք, Երևանն այլ ճանապարհ է ընտրել», - ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը՝ նկատելով՝ Հայաստանը գերադասում է մեծացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի կամ դաշինքի առանձին անդամների հետ, հատկապես ՆԱՏՕ-ի չափանիշների ներդրման, զենքի գնման կամ համատեղ մարտական պատրաստության աշխատանքների իրականացման առումով։

«Այս ամենը միայն ծայրահեղ ափսոսանք է առաջացնում», - ասել է Գալուզինը՝ մեղադրելով Երևանին «երկու աթոռի վրա նստելու փորձի» համար․ - «Այսպիսի տեմպերով խորացնելով համագործակցությունը նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի «ռազմավարական պարտությունն է», Երևանը սեփական ձեռքերով ռիսկի է դիմում՝ ապակայունացնելու իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»։

Հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում անցկացվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին Հայաստանից մասնակցում է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Հայաստանը թեև հայտարարել է, որ Երևանը հետաքրքրված է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմամբ, միևնույն ժամանակ նշել է, որ Հայաստանի օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց այս պահին չկա։

Իսկ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։

Իր վերջին ասուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե հնչի պատասխանը հարցի, թե որն է Հայաստանում ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին և համապատասխանի հայկական կողմի պատկերացումներին, կնշանակի՝ ռազմական դաշինքի հետ խնդիրները լուծված են: Հակառակ դեպքում, վարչապետը դարձյալ զգուշացրեց, Հայաստանը դուրս կգա դաշինքից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG