ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին:
Սանոսյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու և խորացնելու Իրանի հետ բազմաոլորտ համագործակցությունը։
Անդրադառնալով ճանապարհաշինության, էներգետիկ և այլ ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին՝ կողմերն ընդգծել են հատկապես Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության շուտափույթ ավարտելու անհրաժեշտությունը:
Թե աշխատանքներն ինչ փուլում են, ՏԿԵՆ-ն հաղորդագրությունում չի հստակեցնում։
Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցումը մեկնարկել է 2006-ին և այն պակաս ռազմավարական նշանակություն չունի, քան «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին։ Այս գծի շահագորման դեպքում հնարավորություն կլինի ավելացնել երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի և գազի փոխանակման ծավալները՝ նպաստելով թե՛ երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, թե՛ այս բնագավառում տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը:
Դեռ 2022-ին պարզվեց, որ մինչև 2018-ի փետրվար կառուցված է եղել գծի միայն 1 տոկոսը։
«Իրականում 2018 թվականի փետրվար-մարտ ամիսներից են սկսվել լայն թափով աշխատանքները», - անցած տարեսկզբին հայտարարել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։
Փոխնարախարն ասել էր, որ նախորդ չորս տարիներին արդեն կառուցվել է գծի մոտ 70 տոկոսը, և որպես նախագծի կառուցման ավարտ նշել էր անցած տարվա դեկտեմբերը։
Դրանից հետո, ըստ Վարդանյանի, «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքի շրջանակում Հայաստանը կկարողանա Իրանից ստանալ տարեկան մինչև 1.8 միլիարդ խորանարդ մետր գազ և Թեհրանին մատակարարել գրեթե հինգ անգամ շատ էլեկտրաէներգիա՝ տարեկան մինչև 5.4 միլիարդ կիլովատտ-ժամ»։