Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 9-ին Վաշինգտոնում մասնակցել է նաև ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված՝ ԱՄՆ նախագահի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը։
Ըստ հայկական կողմի՝ Միրզոյանը շփումներ է ունեցել ՆԱՏՕ անդամ և գործընկեր երկրների ԱԳ նախարարների հետ։
ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ մտքեր են փոխանակվել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, հաղորդում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Միրզոյան-Բլինքեն քննարկումներից այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Այսօր Վաշինգտոնում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների, ԱՄՆ պետքարտուղարի եռակողմ հանդիպումը։
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ը շարունակում է աշխատել Բաքվի և Երևանի միջև դիվանագիտական կարգավորման ուղղությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ամերիկյան հարթակում խաղաղության պայմանագրի շուրջ վերջին անգամ բանակցել են անցած տարվա հունիսին: Դրանից հետո Բաքուն բոյկոտել էր ամերիկյան հարթակը՝ Վաշինգտոնին մեղադրելով «միակողմանի մոտեցման» համար։