Մատչելիության հղումներ

Գասպարյանի պնդմամբ՝ իր դեմ ցուցմունք է տվել նաև Օսիպյանը


Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զրուցում է «Ազատության» հետ, արխիվ
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զրուցում է «Ազատության» հետ, արխիվ

«Երբ ես խոսում եմ, ես ձեռք եմ բերում լիքը թշնամիներ, երբ ես լռում եմ, ես կրում եմ հաղթանակներ: Այսօր հաղթանակ է», - հայտարարեց կոռուպցիոն հանցագործության համար մեղադրվող նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որի դատավարությունը մոտենում է ավարտին:

Այսօր պաշտպանական ճառով հանդես եկավ նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: Կրկին պնդեց՝ Վլադիմիր Գասպարյանը հանցագործության չի կատարել:

Գասպարյանը ևս շատ կարճ ճառով հանդես եկավ: 65-ամյա նախկին ոստիկանապետը մեղադրվում է պետական միջոցները վատնելու, յուրացնելու և պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածներով, մեղքը չի ընդունում:

Փաստաբան Կոչուբաևն անդրադարձավ մի շարք հանգամանքների: Նախ նշեց, որ Վլադիմիր Գասպարյանը Ռազմական ոստիկանության պետ լինելու ժամանակ չի տիրապետել այդ ընկերության ֆինանսական միջոցներին:

Ալեքսանդր Կոչուբաևը հատված առ հատված անդրադարձավ մեղադրանքին:

Ըստ իրավապահների՝ 1997-2011 թվականներին Վլադիմիրի Գասպարյանը Ռազմական ոստիկանության վարչության պետի, հետագայում էլ՝ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոններում մի քանի զինծառայողի թույլ է տվել իրենց պարտականությունները կատարելու փոխարեն երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի մոտ վարորդ աշխատել, իսկ երկու այլ զինծառայողներ էլ եղել են նախկին նախագահ մյուս եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահները: Փաստաբանն անդրադարձավ այս դրվագին և օրինակներ բերեց, թե ներկայիս իշխանության որոշ ներկայացուցիչներ ևս շրջում են թիկնապահներով:

«Համենայն դեպս, իմ աչքից չեն վրիպել, որ 2018 թվականից առ այսօր, օրինակ, Ազգային ժողովի նախագահի տեղակալ, հետագայում` Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի անվտանգությունը ապահովում էին կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շենքի անվտանգությունն ապահովում են հատուկ նշանակության գումարտակի կարմիր բերետավոր կոչված ծառայողները», - ասաց Կոչուբաևը՝ շարունակելով. - «Եվ ակնհայտ է, չէ՞, որ, օրինակ, հատուկ նշանակության գումարտակի ծառայողները չունեն պարտականություն՝ ապահովել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շենքի անվտանգությունը, կամ, էսպես, ժողովրդի լեզվով ասած՝ վեցերորդ վարչության ծառայողները չեն ունեցել պարտականություն՝ ապահովել Ազգային ժողովի նախագահ, տեղակալ կամ որևէ պատգամավորի անվտանգությունը: Եվ էստեղ ես ամենևին չեմ ասում, որ սա նորմալ է: Սա աննորմալ երևույթ է, պատվարժան դատարան, բայց ոչ՝ հանցավոր»:

Իրավապահների գնահատմամբ՝ այս ապօրինի ծառայությունների դիմաց զինծառայողները պետբյուջեից ընդհանուր առմամբ ստացել են 54 միլիոն դրամ աշխատավարձ: Գասպարյանը մեղադրվում է նաև 2011-2018 թվականներին, երբ արդեն ոստիկանապետն էր, Ոստիկանության հաշվեկշռում գտնվող 15 միլիոն և 10 միլիոն դրամ արժողությամբ անշարժ գույքերը սեփականության իրավունքով Ոստիկանության ծառայողներին, այդ թվում՝ իր դստեր պրոդյուսերին հատկացնելու համար:

Փաստաբան Կոչուբաևը հայտարարեց, որ այդ հատկացումները ոչ թե մարդկանց բնակարանային պայմանների համար են արվել, այլ պարզապես նրանք խրախուսվել են լավ ծառայության համար: Նաև պնդեց, որ տվյալ անձը Գասպարյանի դստեր պրոդյուսերը չի եղել:

Վլադիմիր Գասպարյանը նաև դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ մեղադրանքը չի ընդունում, որևէ հանցագործության չի արել, նաև ընդգծեց, որ իր դեմ ցուցմունքներ տվողներից մեկն էլ եղել է իր աշխատակից, նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

«Պարոն Օսիպյանը ոնց դավաճանեց համակարգին, նենց էլ դավաճանեց էն մարդուն, ով իրան ոստիկանապետ նշանակեց և գեներալի կոչում տվեց: Հիմա էլ փորձում ա ընդդիմություն խաղալ: Տեսակն ա տենց մարդկանց», - հայտարարեց Վլադիմիր Գասպարյանը:

Գասպարյանի հետ ամբաստանյալի աթոռին են նաև նախկին տեղակալ Լևոն Երանոսյանը և ևս երկու նախկին ոստիկաններ: Նրանք ևս մեղադրանքը չեն ընդունում:

«Երբևիցե ես մեղք չեմ գործել՝ Աստծու առաջ: Էկեք վաղը զրուցենք միասին, ես խոստանում եմ, վաղը կզրուցեմ, վաղը էդ հարցերդ էլ կպատասխանեմ», - լրագրողի հարցին արձագանքեց Երանոսյանը:

Դատարանն այս գործով վճիռը կհրապարակի վաղը:

Նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ կապ հաստատել «Ազատությանը» չի հաջողվում:

XS
SM
MD
LG