Ֆրանսիայում այսօր անցկացվեց խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: Ipsos Talan կենտրոնի անցկացրած հարցումների համաձայն, առաջատարը ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքն է: Երկրորդը, ըստ նույն էքզիթ փոլի, նախագահ Էմանյուել Մակրոնի «Միասին» իշխող դաշինքն է, երրորդը՝ Մարին Լը Պենի և Ժորդան Բարդելայի աջ ծայրահեղական «Ազգային միավորում»-ը։
Այնուհանդերձ, ըստ այս կանխատեսումների, «Նոր ժողովրդական ճակատ»-ը չի ստանա բացարձակ մեծամասնություն խորհրդարանում:
Ընտրությունների արդյունքների հրապարակումը սպասվում է միայն ժամեր անց:
Վարչապետ Գաբրիել Ատալը, սակայն, կիրակի ուշ երեկոյան արդեն հայտարարել է, որ երկուշաբթի օրը հրաժարական կտա։ Միաժամանակ, նա ընդգծել է, որ կշարունակի կատարել իր պարտականությունները որքան կպահանջվի, փոխանցում է France 24-ը։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ քվեարկությունն աչքի է ընկել բարձր ակտիվությամբ. քվեարկել է ընտրողների 67.1 տոկոսը, ինչն աննախադեպ է 1981 թվականից ի վեր:
Ընտրությունների այս փուլով վճռվելու է Ազգային ժողովի 577 տեղերից 501-ի հարցը: Քվեարկության արդյունքներից է կախված նաև, թե ով է լինելու երկրի հաջորդ վարչապետը:
Նախնական կանխատեսումներով՝ «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը խորհրդարանում կստանա 172-192, Մակրոնի «Միասին» կոալիցիան՝ 150-170, «Ազգային միավորում»-ը՝ 132-152 տեղ:
Հունիսի 30-ին անցկացված առաջին փուլի արդյունքներով առաջատարն էր «Ազգային միավորում»-ը՝ ձայների ավելի քան 33 տոկոսով, երկրորդը «Նոր ժողովրդական ճակատ»-ն էր՝ 28 տոկոսով, «Միասին»-ը 20 տոկոսով երրորդն էր։
Առաջին փուլի արդյունքներով խորհրդարանի միայն 76 տեղերի դեպքում էր թեկնածուներին հաջողվել ստանալ ձայների 50 տոկոսից ավելին ու հաղթել հենց առաջին փուլում։ Մյուս դեպքերում երկրորդ փուլ են անցել երկու և անգամ երեք թեկնածուներ:
Ֆրանսիայի նախագահը արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակեց անցած ամիս, երբ աջ ծայրահեղականները տպավորիչ հաղթանակ տոնեցին Եվրախորհրդարանի ընտրություններում: