Մատչելիության հղումներ

Թեհրանից վստահեցնում են՝ Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացմանն ուղղված ծրագրերը շարունակական բնույթ կկրեն


Նիկոլ Փաշինյան-Մոհամադ Մոխբեր հանդիպում Թեհրանում, 22-ը մայիսի, 2024թ․
Նիկոլ Փաշինյան-Մոհամադ Մոխբեր հանդիպում Թեհրանում, 22-ը մայիսի, 2024թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան։

Ըստ հայկական կողմի՝ Փաշինյանը Թեհրանում կմասնակցի Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի և ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը:

Փաշինյանը նաև պաշտոնական հանդիպումներ է ունենում Թեհրանում։

Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոհամադ Մոխբերի հետ հանդիպմանը Փաշինյանը նախ իր խորը ցավակցություններ է հայտնել, ապա ընդգծել, որ Էբրահիմ Ռայիսիի, Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի վախճանը ողբերգություն է, և Հայաստանն ու հայ ժողովուրդը վշտակցում ու կիսում են բարեկամ Իրանի ողջ ժողովրդի ցավը:

Վարչապետը հույս է հայտնել, որ Էբրահիմ Ռայիսիի հետ նախանշված ծրագրերը, ինչպես նաև երկու երկրների միջև հարաբերությունների դրական միտումը կշարունակվի:

Նիկոլ Փաշինյան-Մոհամադ Մոխբեր հանդիպում Թեհրանում, 22-ը մայիսի, 2024թ․
Նիկոլ Փաշինյան-Մոհամադ Մոխբեր հանդիպում Թեհրանում, 22-ը մայիսի, 2024թ․

Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը նշել է, որ տեղի ունեցած աղետը ցնցել է Իրանի ողջ ժողովրդին և իրենք խորապես գնահատում են, որ բարեկամական Հայաստանը այսօր կիսում է իրենց վիշտը, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Մոհամադ Մոխբերը վստահեցրել է, որ Էբրահիմ Ռայիսիի հետ Հայաստանի վարչապետի նախանշած բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացմանը, կկրեն շարունակական բնույթ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպել է նաև Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ, իր ցավակցությունները հայտնել։

Փաշինյան-Ալի Խամենեի հանդիպում Թեհրանում, 22-ը մայիսի, 2024թ․
Փաշինյան-Ալի Խամենեի հանդիպում Թեհրանում, 22-ը մայիսի, 2024թ․

Ըստ հայկական կողմի՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին Իրանի համար այս դժվարին ժամանակահատվածում Թեհրան այցելելու և հարգանքի տուրքի միջոցառմանը մասնակցելու համար:

Հայաստանի վարչապետի գրասենյակը նշում է, որ Փաշինյանն ու Ալի Խամենեին համոզմունք են հայտնել, որ Հայաստանը և Իրանը կշարունակեն ջերմ ու բարեկամական հարաբերությունների զարգացմանը և ընդլայնմանն ուղղված քայլերը` ի նպաստ երկու պետությունների և ժողովուրդների առաջընթացի:

Իրանի ութերորդ նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտգործնախարար Աբդոլահիանը և ևս վեց հոգի զոհվեցին կիրակի օրը Արևելյան Ադրբեջան նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Վարզաքան շրջանում ուղղաթիռի վթարի հետևանքով: Նրանք Ադրբեջանի հետ սահմանին համատեղ ամբարտակի նախագծի բացման արարողությունից հետո վերադառնում էին Թեհրան: Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել։

Հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնկացելու նպատակով Թեհրան են մեկնել նաև Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն ու արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG