Մատչելիության հղումներ

«Մեր մտահոգությունն այն է, որ Հայաստանը և Կովկասը չվերածվեն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտի». Իրանի դեսպան


Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանի, արխիվ
Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանի, արխիվ

«Հայաստանի իշխանությունները մեզ տեղեկացրել են, որ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումն ուղղված չէ Հայաստան-Իրան հարաբերությունների դեմ»

Անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպմանը՝ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին այսօր Երևանում հայտարարեց, որ այդ մասին քննարկում են ունեցել Հայաստանի իշխանությունների հետ։

«Հայաստանի իշխանությունները մեզ ասացին, որ այն որևէ երրորդ երկրի դեմ չէ, որ սա զուտ Հայաստանի տնտեսությունն ամրապնդելու և Ղարաբաղից տեղահանվածների համար մարդասիրական օգնություն և աջակցություն ստանալու համար է։ Բնականաբար, Հայաստանի ջանքերը՝ ուղղված տնտեսության զարգացմանը և Ղարաբաղից տեղահանված ժողովրդի խնդիրները լուծելուն, այն խնդիրը չէ, որին մենք դեմ ենք։ Եվ սա Հայաստանի իրավունքն է՝ իր տնտեսության զարգացման համար ուղիներ փնտրել և լուծել խնդիրները», - ասաց իրանցի դիվանագետը:

«Մեր մտահոգությունն այն է, որ Հայաստանը և Կովկասը չվերածվի աշխարհաքաղաքական մրցակցության դաշտի։ Կամ Հայաստանի արտաքին հարաբերությունների զարգացումը չլինի ի հաշիվ այլ երկրների։ Եվ Հայաստանի իշխանությունները մեզ տեղեկացրել են, որ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումն ուղղված չէ Հայաստան-Իրան հարաբերությունների դեմ», - ընդգծեց Սոբհանին:

Որո՞նք են արտատարածաշրջանային ուժերը

Իրանը դեսպանն ասուլիսում անդրադարձավ նաև հարցին, թե որոնք են արտատարածաշրջանային ուժերը, որոնց միջամտությունը Հարավային Կովկասում Թեհրանը վտանգավոր է համարում։

«Եթե ես խոսում եմ արտատարածաշրջանային ուժերի մասին, խոսքը օվիկանոսից այն կողմ գտնվող երկրների մասին է, որոնք որևէ անվտանգային, գեոպոլիտիկ խնդիրների չեն առնչվում։
Այսինքն՝ օվկիանոսի այն կողմից գալիս են այստեղ և փորձում են այս տարածաշրջանի ժողովուրդների համար որոշումներ կայացնել», - ասաց Մեհդի Սոբհանին:

Հարցին, թե արդյոք Եվրամիության դիտորդները նրանց շարքում են, դեսպանն արձագանքեց. - «Այո, որոշ եվրոպական երկրներ և Միացյալ Նահանգները»:

Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Թեհրանի կարմիր գծերը չեն փոխվել

Որո՞նք են Իրանի կարմիր գծերը Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ. այս հարցին դեսպանն արձագանքեց, որ Թեհրանի կարմիր գծերը չեն փոխվել:

«Միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը Իրանը դեմ է արտահատվել ամենաբարձր՝ երկրի ղեկավարի մակարդակով, և հնարավոր չէ անտեսել այն։ Մենք կտրականապես դեմ ենք ցանկացած գեոպոլիտիկ և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը։ Եթե սահմանում կան խնդիրներ, դրանք պետք է լուծվեն երկխոսության, փոխադարձ ընկալման հիման վրա, ինչպես նաև երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելով», - հայտարարեց Սոբհանին:

Հայաստանում Իրանի դեսպանը նաև խոսեց Իսրայելի մասին՝ շեշտելով, որ այն փորձում է լարվածություն առաջացնել տարածաշրջանի երկրների և Իրանի միջև։

«Բոլորի համար նաև հստակ է, որ Հարավային Կովկասում անկայունության գործոններից մեկը իսրայելական ռեժիմն է։
Այս ռեժիմը, բացի այն, որ փորձում է միլիտարիզմը զարգացնել տարածաշրջանում, նաև փորձում է լարվածություն առաջացնել տարածաշրջանի երկրների և Իրանի միջև։ Ես կարծում եմ, որ տարածաշրջանի ժողովուրդներն այնքան խոհեմ են, որ սիոնիստական ռեժիմի նման քայլերով երբեք առճակատման չեն գնա որևէ երկրի հետ», - ասաց Մեհդի Սոբհանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG