Մատչելիության հղումներ

Փաշինյանի և Էրդողանի միջև, ըստ թուրքագետի, «ստանդարտ հեռախոսազրույց» է կայացել


Չեխիա - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը Պրահայում, 6-ը հոկտեմբերի, 2022թ.
Չեխիա - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը Պրահայում, 6-ը հոկտեմբերի, 2022թ.

Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների երեկվա հեռախոսազրույցից հետո կողմերը բացի պաշտոնական հաղորդագրություններից այլ մանրամասներ չեն հրապարակում: Երևանն ու Անկարան պաշտոնապես նաև չեն հստակեցրել, թե ում նախաձեռնությամբ է տեղի ունեցել հեռախոսազրույցը:

Հարաբերությունները կարգավորելու մասին հայտարարելուց հետո երրորդ տարին է Փաշինյանն ու Էրդողանը այս շրջանում շնորհավորանքներ են փոխանակում Կուրբան Բայրամի և Վարդավառի տոների առիթներով:

«Ստանդարտ հեռախոսազրույց էր, և նաև այն տեղեկատվությունը, որը որ երկու կողմերը տարածել են, կրկին վկայում է ստանդարտ տեղեկատվության, հարցազրույցի մասին, այսինքն՝ առանց ավելորդ մեծ ինֆորմացիայի: Կարող եմ ասել, որ տեքստը, որը որ տարածել էր հայկական կողմը, և ըստ էության նաև այն տեքստերը, որոնք որ կան թուրքական մամուլում, գրեթե նույն տեքստն են, նույն խնդիրների շուրջ է նշվում, և հեռախոսազրույցը տեղի է ունեցել Հայաստանի ղեկավարի նախաձեռնությամբ», - «Ազատության» հետ զրույցում նշեց թուրքագետ Նելլի Մինասյանը:

Ավանդական դարձած այս զրույցի պաշտոնական տեքստերն էլ բովանդակությամբ նախորդներից գրեթե չեն տարբերվում: Այս անգամ էլ Երևանն ու Անկարան վերահաստատել են իրենց քաղաքական կամքն առանց որևէ նախապայմանի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման վերաբերյալ։ Կարևորել են երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումների շարունակականությունը, և վերահաստատել մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները։

Այն, որ հայկական կողմը բոլոր առումներով, այդ թվում՝ ենթակառուցվածքների, պատրաստ է ձեռք բերված համաձայնությունները կյանքի կոչել, անցած շաբաթ վերահաստատել էր հայկական կողմի բանակցողը:

«Հայկական կողմից մենք բոլոր ենթակառուցվածքային աշխատանքները կատարել ենք և ավարտել ենք, և անցակետը պատրաստ է գործունեության համար, թուրքական կողմից մենք չենք տեսել քայլեր այս պայմանավորվածության իրագործման ուղղությամբ, բայց մենք հույս ունենք, որ այդ քայլերը կիրականանան», - ասել էր Ռուբեն Ռուբինյանը:

Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացները դեռ 2022-ի ամռանն են պայմանավորվել բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագիր ունեցողների համար: Եվ չնայած հետագայում տարբեր առիթներով վերահաստատել են այս հանձնառությունը, միևնույն է այդ ուղղությամբ առաջընթաց չկա:

Փոխարենը, չորս ամիս առաջ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Սերդար Քըլըչն առաջարկել էր հաջորդ հանդիպումն անցկացնել Երևանում: Ռուբինյանը խոստացել էր քննարկել՝ միևնույն ժամանակ կարևորելով արդեն իսկ ձեռք բերված համաձայնությունների իրականացումը:

Նելլի Մինասյանի տպավորությամբ Երևանը հանդիպումներ անցկացնելու հարցում առանձնապես ոգևորված չէ՝ հաշվի առնելով, որ ձեռք բերված համաձայնությունները չեն իրագործվում:

«Ստեղծված իրավիճակում, եթե ձեռք բերված փոքր պայմանավորվածությունները չեն կատարվում, գիտե՞ք, անիմաստ է արդեն հանդիպել և խոսել հետագա քայլերի մասին: Այսինքն՝ պետք է ձեռք բերված ինչ-որ պայմանավորվածություն կատարվե՞ր, որպեսզի հանդիպեն, խոսեն՝ հետագայում որ ուղղությամբ են գնալու», - նշեց թուրքագետը:

Շուրջ երեք տասնամյակ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Երևանն ու Անկարան առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու հայտարարություններ արեցին 44-օրյա պատերազմից հետո: Առաջընթացի բացակայությունը կապ ունի ոչ միայն հայ - ադրբեջանական կարգավորման, այլ նաև «Զանգեզուրի միջանցքի» հարցով Թուրքիայի ծրագրերի հետ, կարծում է թուրքագետը:

«Միջանցքի հարցը իրենց օրակարգում է, իրենց անգամ տարեկան արտաքին քաղաքական պլանավորումներում նշված է Զանգեզուրի միջանցքի բացման հարցը: Ամբողջ խնդիրը, բանալին, առանցքը էստեղ է գտնվում, երբ որ Թուրքիան դանդաղում է ինչ-որ գործընթաց սկսելուց», - ընդգծեց Մինասյանը:

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջիկա հանդիպման մասին տեղեկություն չկա:

XS
SM
MD
LG