Մատչելիության հղումներ

ՔՊ-ից պնդում են՝ Մամիկոն Ասլանյանին չեն առաջարկել համագործակցել


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզային կառույցի ղեկավար Արամ Խաչատրյան, արխիվ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզային կառույցի ղեկավար Արամ Խաչատրյան, արխիվ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզային կառույցից հերքում են ընդդիմության առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պնդումը, թե Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանն արդեն երկուսուկես տարի բանտում է, քանի որ պարբերաբար մերժել է վարչապետի գլխավորած կուսակցության համագործակցության առաջարկները։

Կուսակցության տեղի կառույցի ղեկավար Արամ Խաչատրյանը 2021-ի ընտրություններին ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն էր՝ Մամիկոն Ասլանյանի հիմնական մրցակիցն ու միաժամանակ Լոռու մարզպետի պաշտոնն էր զբաղեցնում։ Այսօր «Ազատության»-ն ասաց՝ ընտրություններից առաջ նախկին համայնքապետը հայտարարել էր, որ իշխող կուսակցության հետ դաշինքի չի գնա, ուստի նրան չեն էլ առաջարկել միանալ իրենց։

«Եթե այդ հայտարարությունը չլիներ, միգուցե նման նախաձեռնություն լիներ։ Ես չեմ բացառում, և դա նորմալ եմ համարում, որ քաղաքական ուժերն իրար հետ ինչ-որ քննարկում ունենան, բայց քանի որ ինքը հայտարարեց, որ բացառում է համագործակցություն, կոալիցիա քարոզարշավի ընթացքում, ընտրություններից հետո մենք իր հետ որևէ քննարկում չենք ունեցել», - նշեց նա՝ հավելելով, որ ընտրություններից առաջ ևս։

2021-ի դեկտեմբերին նախկին համայնքապետը կալանավորվեց իր առաջնորդած դաշինքի հաղթանակից հետո։ Թեև ստացած ձայները բավարար չէին առանց կոալիցիայի համայնքի ղեկավար ընտրվելու համար, բայց 5 քաղաքական ուժերի մեջ առաջինն էր, ու մեծ էր հավանականությունը, որ համայնքը հենց ինքը կղեկավարեր։ Նրան կալանավորեցին համայնքային հողերը ապօրինի վաճառելու մեղադրանքով։ Անցած շաբաթավերջին ընդդիմության ցույցերն առաջնորդող Բագրատ սրբազանը Վանաձորում հայտարարեց, թե Մամիկոն Ասլանյանը բանտում է հայտնվել զուտ այն պատճառով, որ մերժել է իշխանության հետ միավորվելու առաջարկները։

Վանաձորում ընդդիմության հունիսի 8-ի հանրահավաքին մասնակցում էր նաև ավագանու «Հայրենիք» խմբակցության անդամ Վահե Դոխոյանը։ Նա հենց առաջին օրից հայտարարել է, որ աջակցում է ամենաշատ քվե ստացած քաղաքական ուժին՝ նաև դաշինքի առաջնորդի կալանքից հետո։ Այսօր «Ազատության»-ն ասաց՝ նախկինում նման հայտարարություն, թե իշխանությունները համագործակցության առաջարկ են արել, չի լսել։

«Ես նման պաշտոնական հայտարարություն չեմ լսել։ <> Ակնհայտ է միայն, որ քաղաքական հետապնդում կա Մամիկոն Ասլանյանի նկատմամբ», - նշեց նա։

Նման հայտարարություններ թե՛ Ասլանյանից ու թե՛ կողմնակիցներից չի լսել նաև ավագանու «Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամ Գայանե Քալանթարյանը։ Ասաց՝ ՔՊ-ից պաշտոնական առաջարկ չի եղել, նեղ անձնական առաջարկների մասին չի լսել։

«Դա կիմանա միայն ինքը՝ Ասլանյանը, որովհետև ես չեմ կարծում, որ դա ընդհանուր քննարկման ինչ-որ հարց է, քանի որ շատ անսպասելի եղավ իր ձերբակալությունը, և դրանից հետո որևէ հանդիպում չի եղել իր հետ, հետևաբար նման քննարկում չի եղել», - ասաց նա։

Վանաձորը 5 տարի ղեկավարած Մամիկոն Ասլանյանը 2021-ին դաշինքով գնաց ընտրությունների։ Իր անունով ձևավորված քաղաքական կոալիցիայում երկու կուսակցություն էր՝ Խաչատուր Քոքոբելյանի գլխավորած «Ազատ դեմոկրատներն» ու «Իմ հզոր համայնք» ընդդիմադիր կուսակցությունը։ Հենց քվեարկության օրը Ասլանյանն ասել էր՝ ցանկացած քաղաքական ուժի հետ համագործակցություն բացառում է ու որևէ զիջման չի գնա։

Կալանքից հետո ընդդիմադիր ուժերը հայտարարեցին, թե Վանաձորի նախկին համայնքապետը, որ ամենաշատ թվով ձայներն էր ստացել 2021-ի ընտրություններին, քաղաքական բանտարկյալ է։ Ինքը՝ Ասլանյանը, դատարանում մի քանի անգամ նույն բանն է հայտարարել, թե քաղաքական պատճառներով է կալանքի տակ։

Իշխանությունները հերքում են այս պնդումները՝ հայտարարելով, որ դատական իշխանության գործերին չեն միջամտում։ Կոռուպցիոն հանցանքների համար մեղադրվող նախկին համայնքապետն արդեն 2.5 տարի է՝ բանտում է։ Դատարանը մերժել է նրա կալանքն այլ խափանման միջոցով փոխարինելու պաշտպանների բոլոր միջնորդությունները։ Նախ պատճառաբանում էր, թե վկաների վրա կարող է ազդեցություն ունենալ, իսկ բոլոր վկաներին հարցաքննելուց հետո դատավորը որոշեց նոր վկաների կանչել դատարան։ Երկու վկա է մնացել, այդ թվում՝ Վանաձորը ներկայումս ղեկավարող Արկադի Փելեշյանը, որ Մամիկոն Ասլանյանի պաշտոնավարման տարիներին նրա տեղակալն էր։ Հայտնի չէ՝ ինչ ցուցմունք կտա նա դատարանում։

Ասլանյանին կալանավորելուց կես տարի անց վարչապետը նրան պաշտոնակատար նշանակեց։ Իրավապաշտպանների, ընդդիմադիրների ու փորձագետների համար անհասկանալի կերպով դատարաններն այդպես էլ չեն թույլատրում Վանաձորի ավագանուն համայնքի ղեկավարի ընտրություն կազմակերպել, ու համայնքում 22 թվականից ժամանակավոր կառավարում է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG