Մատչելիության հղումներ

Փաստաբանները պնդում են՝ անազատության մեջ գտնվողները կապ չունեն «զանգվածային անկարգության» մեղադրանքի հետ


Ոստիկանների և ցուցարարների բախումներ Ազգային ժողովի հարակից տարածքում, Երևան, հունիսի 12, 2024թ.
Ոստիկանների և ցուցարարների բախումներ Ազգային ժողովի հարակից տարածքում, Երևան, հունիսի 12, 2024թ.

Հատուկ միջոցներով ընդդիմության հավաքը ցրելուց ու հարյուրից ավելի մարդու բերման ենթարկելուց մեկ օր անց Քննչականը հայտարարում է, թե տեսագրությունների ուսումնասիրությամբ կարողացել է նույնականացնել 40-ից ավելի մարդու, որոնց իրավապահները բռնություն ու գույքի վնասում են վերագրում։ Նշվում է, որ նրանց հայտնաբերելու ու արարքներին քրեական գնահատական տալու ուղղությամբ դեռ աշխատում են։

Քննչականը զանգվածային անկարգության հոդվածով քրեական գործը հարուցեց հատուկ միջոցների կիրառումից մոտ մեկ ժամ անց և պնդեց՝ հավաքի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, «սկսել են հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ»՝ «ոստիկանների նկատմամբ բռնության գործադրմամբ, նրանց ուղղությամբ նետել են տարբեր առարկաներ։ Երեկ հայտնել էին, թե փնտրում են նաև կազմակերպիչներին, բայց մինչ այս պահը չեն հստակեցրել՝ ո՞ւմ են համարում կազմակերպիչ ու արդյո՞ք նրանց շարքում նկատի ունեն նաև ընդդիմադիր շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։

Այս պահին հայտնի է, որ երեկվա դեպքերից հետո դեռ 28 մարդ կա անազատության մեջ։

«Ձերբակալվածների պահման վայրերում են՝ Երևան, Աբովյան, Աշտարակ, Մասիս, եթե չեմ սխալվում, այդ 4-ն են», - «Ազատության»-ը հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

ՆԳՆ փոխանցմամբ՝ երեկ բերման ենթարկված 98 ցուցարարներն արդեն ազատության մեջ են, իսկ ձերբակալված 28-ն առնչվում են Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած դեպքերի հետ, որ Քննչական կոմիտեն զանգվածային անկարգություն է որակել։ Այս հոդվածով 4-8 տարվա պատիժ է սահմանված։

Ընդդիմադիրների շահերը ներկայացնող փաստաբան Ռուբեն Մելիքյանը, սակայն, պնդում է՝ անազատության մեջ գտնվողները կապ չունեն այս մեղադրանքի հետ։

«Նրանց թվում է, օրինակ, Աշոտ Մինասյանը՝ հայտնի Աշոտ Երկաթը ազատամարտիկ Սիսիանից, Հաղարծինի վանահայր Հայր Սամվելը՝ մարդիկ, որոնք ակնհայտորեն ոչինչ չեն արել, նրանց ուղղակի «փախցրել են» այնպես, ինչպես օրինակ, մայիսի 31-ին 28 անձ ձերբակալեցին, վերջում պարզվեց, որ 27-ի հետ որևէ խնդիր չկար», - ասաց Մելիքյանը։

Փաստաբանի խոսքով՝ ձերբակալվածներին դեռ մեղադրանք առաջադրված չէ։ Բերման ենթարկելու պահից իրավապահները մինչև 72 ժամ ունեն կամ մեղադրանք առաջադրելու, կամ էլ ազատ արձակելու համար։ 72 ժամը կլրանա շաբաթ օրը։

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը, որ տեսակցել է բոլոր 28 ձերբակալվածներին, պնդում է՝ նրանք ոչ թե շշեր, արգելված իրեր են նետել ոստիկանների ուղղությամբ, այլ հենց ոստիկաններն են նրանց ծեծել բերման ենթարկելիս, իրավապահները չեն խնայել անգամ Հաղարծինի վանական համալիրի քահանային

«Պարզապես մտնում են, էդ պատից դուրս են գալիս, մարդ են գողանում, մտցնում են ոստիկանական պատի հետևը, այնտեղ ծեծում են ու տանում են ոստիկանության բաժին, ով ձեռքների տակ հայտնվում է, գողանում, տանում են։ Օրինակ՝ Հաղարծին վանական համալիրի վանահայր Հայր Սամվելը ի՞նչ պիտի արած լինի, ոչ մի բան, այնտեղ կանգնած է եղել որպես ցուցարար։ Իրեն էլ, ոնց որ մյուսներին գողացել են, սքեմը պատռել են, ծեծի են ենթարկել, տարել են ոստիկանության Նոր Նորքի բաժին», - նշեց նա։

Ընդդիմադիրներին ներկայացնող փաստաբանները շարունակում են բողոքել իրավապահների խտրական վերաբերմունքից. հանրահավաքից շատ կարճ ժամանակ անց իրավապահները քրեական գործ հարուցեցին միայն ակցիայի մասնակիցների դրվագներով, բայց անտեսեցին ոստիկանական բռնությունները, ինչպես վերջին մեկ ամսում։

«Կարող է ինչ-որ քրեական վարույթ նախաձեռնել են այս բռնությունների մասով, այդ պապկան սիրուն փակել են, խորը դարակ են գտել, դրել, բանալիով փակել, բանալին գցել են ակվարիումի մեջ», - ասաց

Փաստաբանը պնդում է՝ թե՛ երեկվա, թե՛ նախորդ օրերի ոստիկանական բռնությունները քաղաքական վերնախավի ցուցումով են. - «Որովհետև եթե այդպես չլիներ, ու դա լիներ ոստիկանության թերացումը կամ ինքնագլուխ ապօրինությունը, ապա քրեական վարույթներ նախաձեռնված կլինեին, մեղադրանքներ առաջադրված կլինեին և՛ բերետավորներին, և՛ իրենց ղեկավարներին, ովքեր ցուցում են տվել մարդկանց ծեծի ենթարկել ու հայհոյել խուլիգանական պահվածքով, դատախազությունն էլ մեղադրանք առաջադրած կլիներ»։

Ներքին գործերի նախարարությունից հակադարձում են՝ համաչափ են գործել ու կատարել են օրենքի, ոչ թե՝ վարչապետի պահանջները։

XS
SM
MD
LG