Ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում Ազգային ժողովի շենքի ու մուտքերի մոտ։
Խորհրդարանում այսօր շարունակվում է 2023-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը, եզրափակիչ ելույթով հանդես է գալու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այսօր ևս հանրահավաք է հայտարարել Բաղրամյան պողոտայում։
Խորհրդարանի շենքի երկայնքով ոստիկանները պատ են կազմել։
Ընդդիմադիր պատգամավորները «Ազատության»-ը փոխանցեցին, որ իրենց արգելել են Դեմիրճյան փողոցից մուտք գործել խորհրդարան։ Կարող են ԱԺ մտնել Բաղրամայն փողոցի վրա գտնվող մուտքից, մինչդեռ, ըստ ընդդիմադիրների, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները մուտք ունեն Դեմիրճյանից:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ ասաց, որ այսօր իրեն թույլ չեն տվել մտնել Դեմիրճյան փողոցից, թեև խնդրել է, ու ասել, որ ոտքի պատճառով դժվար է աստիճաններով բարձրանալը, մինչդեռ, ըստ նրա, ՔՊ-ակնները հանգիստ Դեմիրճյանի անցակետով անցնում են:
Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովի ամբիոնից պնդեց, որ դա ճիշտ չէ։
Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը երեկ հայտարարեց, որ առավոտյան պատրաստվում են լինել Կառավարության շենքի մոտ, որտեղ 10։00-ին կայանալու է Կառավարության նիստը։
Մինչ ցուցարարները հավաքվում էին Կառավարության շենքի մոտ, Կառավարությունը հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ նիստը հետաձգվել է, այն կկայանա վաղը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ներկա է գտնվելու պետբյուջեի կկատարողականի հաշվետվության քննարկմանը։
Երեկ խորհրդարանի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ եղան, ոստիկանությունը հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ կիրառեց։
Առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ 101 քաղաքացիական անձ է դիմել բուժօգնության, այսօր առավոտյան 85-ը դուրս է գրվել։ ՆԳՆ-ն հաղորդել է նաև վիրավորված 16 ոստիկանի մասին։ Հատուկ միջոցներից տուժածների թվում նաև ԶԼՄ ներկայացուցիչներ կան։
Ըստ Քննչական կոմիտեի՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։