Մատչելիության հղումներ

Կառավարության նիստը հետաձգվել է ԱԺ-ում բյուջեի քննարկման պատճառով, ցուցարարները կառավարության շենքի մոտ են


Ցուցարարները Կառավարության շենքի մոտ, ոստիկանները՝ պատ կազմած, փակել են շենքի մուտքերը, 13-ը հունիսի, 2024թ․
Ցուցարարները Կառավարության շենքի մոտ, ոստիկանները՝ պատ կազմած, փակել են շենքի մուտքերը, 13-ը հունիսի, 2024թ․

Վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներն ու առաջնորդները Կառավարության շենքի մոտ են։

Շարջման առաջնորդ Բագրատ սրբազանը երեկ հայտարարեց, որ առավոտյան պատրաստվում են լինել Կառավարության շենքի մոտ, որտեղ 10։00-ին կայանալու է Կառավարության նիստը։

Մինչ ցուցարարները հավաքվում էին, Կառավարությունը հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ նիստը հետաձգվել է, այն կկայանա վաղը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ներկա է գտնվելու 2023-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը, որի ընթացքում հանդես է գալու եզրափակիչ ելույթով։

Երեկ խորհրդարանի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ եղան, ոստիկանությունը հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ կիրառեց։

Առողջապահության նախարարության կեսգիշերվա տվյալներով՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 98 քաղաքացիական անձ և ոստիկան։

66 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ 32 պացիենտ շարունակում է բուժօգնություն ստանալ։ Նրանք, ըստ ԱՆ-ի, ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ։

ՆԳՆ-ն տեղեկացրել է, որ վիրավորում է ստացել 16 ոստիկան։

Ըստ Քննչական կոմիտեի՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի մոտ տեղի ունեցածը որակել է «հարձակում Ազգային ժողովի, ժողովրդավարության և Հայաստանի ինքնիշխանության, անկախության վրա և անճարության դրսևորում»։

Բագրատ սրբազանն, իր հերթին, ոստիկանական գործողությունները որակել է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG