Ազգային ժողովի խորհուրդը մերժեց խորհրդարանի ընդդիմադիր երկու խմբակցությունների միջնորդությունը։
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այսօր միջնորդություն էին ներկայացրել խորհուրդ՝ պահանջելով կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստ գումարել։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ ասել էր, որ դրա իմաստը չեն տեսնում։ Նրա խոսքով՝ կառավարությունն ու վարչապետը վայելում են ժողովրդի վստահությունը։
«Քաղաքացիական պայմանագրից» Հայկ Կոնջորյանը լրագրողներին ասաց, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին՝ հավելելով՝ իրենք նման օրակարգ չունեն։
- Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե Ազգային ժողովի խորհուրդը մերժում է ընդդիմադիր խմբակցությունների միջնորդությունը, ապա 5-րդ աշխատանքային օրը, այսինքն՝ հունիսի 17-ին՝ ժամը 18։30-ին, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ։
- Այսօր ավելի վաղ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն «Ազատության»-ը փոխանցել էր, որ ընդդիմությունը ցանկանում է, որ նիստը տեղի ունենա մինչև հունիսի 17-ը, և արտահերթ նիստ նախաձեռնելու համար անհրաժեշտ 27 ստորագրությունների փոխարեն արդեն ունի 32-ը։
- Ընդդիմադիր պատգամավորները միջնորդության մեջ, մասնավորապես, նշել էին, որ «Հայաստանի ինքնիշխանությունն անմիջական սպառնալիքի տակ է», որ «գործող կառավարությունը ձախողել է Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը», «պահի հրամայական է, որ պետության կառավարումը, քաղաքական համաձայնությամբ, խաղաղ և անցնցում կերպով ստանձնեն պրոֆեսիոնալ, հանրային հեղինակություն ունեցող փորձառու անձինք»։
- Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երեկ գիշերվանից փակ է պահում Բաղրամյան պողոտան, որպեսզի իշխանությանը պարտադրի կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստ անցկացնել: