Վարչապետի հրաժարականի պահանջով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պայքարին զուգահեռ Փաշինյանի թիմակիցները բարձրացնում են հոգևոր-մշակութային հեռուստաընկերության՝ «Շողակաթ»-ի ֆինանսավորման նպատակահարմարության հարցը։
ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն առաջարկեց դադարեցնել ֆինանսավորումը։ Նա դիմեց Հանրային հեռարձակողի խորհրդի ղեկավարին՝ ինչո՞ւ է խորհուրդը գումար հատկացնում «Շողակաթ»-ին։
«Չի՞ լինի՝ այդ 206 միլիոնն էլ տանք Հ1-ին, ինքը հարստացնի իր մշակութային-կրթական հաղորդումների բազան, ավելի շատ պրոդուկտ տա, ու մենք «Շողակաթ»-ի հարցը փակենք ընդհանրապես», - ասաց պատգամավորը։
«Հանրային հեռուստաընկերության բյուջեն 6 միլիարդ է, եթե մենք ունենք լրացուցիչ ևս 6 միլիարդ, կարող ենք զրոյից ստեղծել, պետք է նաև շենք կառուցենք և հագեցնենք տեխնիկայով, այսինքն՝ այն, որ Դուք համարեցիք եկամտի աղբյուր՝ 206 միլիոնը, դա ընդհանրապես թիվ չէ որևէ ալիք պահելու համար», - ասաց խորհրդի ղեկավար Արա Շիրինյանը։
Հանրային հեռարձակողի խորհուրդը «Շողակաթ»-ին պատվիրում է մշակութային, կրթական ու ճանաչողական բնույթի հաղորդումներ, որի դիմաց վճարում է տարեկան 206 միլիոն դրամ, պարզաբանեց Արա Շիրինյանը։ Այդ հատկացված գումարի մի մասը պետական բյուջե է վերադառնում՝ 22-ը հարկերի ու 73 միլիոնն էլ հեռարձակման համար։
«Քանի որ այդ գումարը սարսափելի փոքր գումար է որևէ հեռուստատեսային գործունեություն իրականացնելու համար, մնացած մասով լրացվում է «Շողակաթ» ՍՊԸ մասնավոր ընկերությունը, որն իր տրամադրության տակ ունի շենքային պայմաններ և տեխնիկական միջոցներ», - նշեց նա։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու եկեղեցու հարաբերությունները սրվել են պատերազմից հետո, երբ Մայր աթոռը սկսեց քննադատել վարչապետի վարած քաղաքականությունը։ Բագրատ արքեպիսկպոս Գալստանյանի պայքարից հետո սրված հարաբերություններն ավելի են բորբոքվել:
Խորհրդարանի ֆինանսավարկային հանձնաժողովի իշխանական ղեկավարը պահանջեց՝ Արա Շիրինյանը ներկայացնի Մայր աթոռի հեռուստաընկերության ֆինանսական ելքերն ու մուտքերը։ Հանրայինի ու «Շողակաթ»-ի համագործակցության հիմքերով էր հետաքրքրված ՔՊ-ական Թագուհի Ղազարյանը. - «Կարո՞ղ են ուրիշ մասնավորներ ասել՝ ես ավելի լավ ներդրում կանեմ, տվեք ինձ, ես կկազմակերպեմ»։
Շիրինյանն ասաց՝ այո, կարող է լինել մեկ ուրիշը։
Արսեն Թորոյսանին խորհրդի ղեկավարի պարզաբանումները չէին գոհացնում։ Առաջարկում էր օրենքը փոխել, գումարը Հանրայինին տրամադրել, հետո ի՞նչ, որ ժամանակին այդպես է որոշվել, ըստ իշխանականի՝ հիմա ուրիշ ժամանակներ են։
Խորհրդի ղեկավարն ընդգծեց՝ օրենքի պահանջ է, որ Հանրայինով լինեն մշակութային հաղորդումներ։ «Շողակաթ»-ն անցած տարվանից 16 ժամանոց հեռարձակումը ավելացրել է՝ հիմա 24 ժամ եթերում է, շեշտեց Արա Շիրինյանը։
Իշխանական Ծովինար Վարդանյանը բովանդակությամբ էլ էր մտահոգված. - «Ծրագիրն ամբողջական երբ նայում ես, հասկանում ես, որ արդիական հանրության պահանջներին ոչ այդքան բավարարում է»։
Հանրային հեռարձակողի խորհրդի ղեկավարը փարատեց պատգամավորի մտավախությունը, հոգևոր հաղորդումները ընդամենը 17 տոկոս են, և եթե նույնիսկ փոքր լսարան ունենան, միևնույն է՝ պետք է հեռարձակվեն։
Արսեն Թորոսյանին հետաքրքրում էր՝ ո՞վ է «Շողակաթ»-ի տնօրենը։ Խորհրդարանում ներկայացուցիչ չկար, ՔՊ-ականներից Թագուհի Ղազարյանը հեգնեց։
«Երևի Վարդենիսում են, չգիտեմ», - ասաց նա՝ նկատի ունենալով Բագրատ սրբազանին, որ աջակիցների հետ Վարդենիսում է։
«Շողակաթ»-ի տնօրեն Մանյա Ղազարյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, նա Հայաստանում չէ։ Ինչո՞ւ հանկարծ իշխող թիմին սկսեց հետաքրքրել «Շողակաթ»-ի հարցը, արդյոք քաղաքական պատճառներով են առաջարկում կտրել ֆինանսավորումը։ Մայր աթոռից տեղակատվական համակարգի տնօրենը կարճ արձագանքեց՝ Արսեն Թորոսյանի ասածներին լուրջ չեն վերաբերվում, իսկ «Շողակաթ»-ի գործունեության պարզաբանումներ կտան, երբ նպատակահարմար համարեն։
Հնարավո՞ր է Հանրային հեռարձակողի խորհուրդը քննարկման առարկա դարձնի իշխանական պատգամավորների քննարկումը, առաջարկները։ Խորհրդի ղեկավարը «Շողակաթ»-ի բովանդակությունը համարեց հանրօգուտ։