Մատչելիության հղումներ

Դաշնակցական պատգամավորի նկատմամբ բռնությունից մեկ օր անց չկան մեղադրյալներ


Երևան, 27-ը մայիսի, 2024թ.
Երևան, 27-ը մայիսի, 2024թ.

Դաշնակցական պատգամավորի նկատմամբ բռնությունից մեկ օր անց չկան մեղադրյալներ, անգամ հայտնի չէ՝ արդյո՞ք իրավապահները քրեական գործ են հարուցել ու հարցաքննել Աշոտ Սիմոնյանին հարվածող ոստիկաններին, այդ թվում՝ այն կարմիրբերետավորին, որի ծառայողական պարտականությունները միջադեպից հետո դադարեցրեց Ներքին գործերի նախարարությունը։

«Ազատության» հետ զրույցում Սիմոնյանի կուսակիցը՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասում է՝ տեսագրությունում ամեն ինչ այնքան ակնհայտ է, որ մի քանի ժամն էլ բավարար էր՝ հստակեցնելու մեղադրյալներին։

«Մեր կուսակցության Գերագույն մարմնի հայտարարությունից հետո ոչ միայն անմիջապես քրեական վարույթը պետք է նախաձեռնվեր, այլ նաև քրեական հետապնդում պետք է հարուցվեր կոնկրետ առնվազն չորս-հինգ անձերի նկատմամբ, որոնք հայտնի են, այնպես չի, որ անհայտ են, պետք է պարզվեն, և այլն, և այլն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մինասյանը:

Աշոտ Սիմոնյանի հետ երեկվանից կապ հաստատել չի հաջողվում և հայտնի չէ՝ արդյոք նա կանչվել է հարցաքննության ու ենթարկվել դատաբժշկական փորձաքննության։

Դատախազությունն ու Քննչականը դեռ լուռ են՝ չնայած երեկ արդեն իրավապահներին հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել։ Իսկ Ներքին գործերի նախարարությունը չի մանրամասնում, թե ինչու են դադարեցրել միայն մեկ ոստիկանի լիազորությունները, երբ հարվածողները խմբով էին։ Միայն փոխանցեցին՝ երեկ սկսված ծառայողական քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները։

Ընդդիմադիր պատգամավորն իշխանություններին է մեղադրում երեկվա միջադեպի համար։

«Իշխանությունը փորձում է իբր այս անօրինակ ապօրինությունը մեղմելու շրջանակներում դիտարկել միայն առանձին մեկ ծառայողի լիազորությունների դադարեցման հարցը և փորձում է դրանով շղարշ ստեղծել, թե «տեսեք՝ մենք հետևողական ենք», - ասաց Արծվիկ Մինասյանը:

Մինչդեռ իշխանության ներկայացուցիչները բազմիցս են պնդել, թե իրավապահների գործերին չեն միջամտում։

Իսկ ինչի՞ց էր ծագել միջադեպը. Մինասյանի փոխանցմամբ՝ երեկ հանցագործ փնտրելու հիմնավորմամբ կարմիրբերետավորները փորձել էին ներխուժել կուսակցության գրասենյակ, իրենք էլ թույլ չէին տվել։

Ներքին գործերի նախարարությունից, սակայն, հակադարձում են՝ կուսակցության գրասենյակում որևէ իր կամ որևէ մեկին փնտրելու գործողություն անելու մասին տվյալ չունեն։

Բայց պաշտոնական պատասխան դեռևս չի հնչել, թե ինչու էին տասնյակ ոստիկաններով խմբվել Դաշնակցության գրասենյակի շենքի առջև ու բիրտ հարվածներով մի քանի հոգով ծեծում պատգամավորին։

«Երեկվա տեղի ունեցածը իրականում ոստիկանության հատուկ գումարտակի ոհմակային հարձակումն էր մեկ անձի վրա, մասնավորապես՝ կապված պատգամավորի ծեծի հետ, միևնույն ժամանակ՝ սարսափելի հայհոյանքների ուղեկցությամբ և բազմակի հարվածների ուղեկցությամբ մարդուն և՛ նսեմացնելու, և՛ ֆիզիկապես թուլացնելու փորձ», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:

Իրավապաշտպանը զայրացած է երեկվա կադրերից, ընդգծում է՝ քաղաքացին կարող է կարգազանց լինել, իսկ ոստիկանի համազգեստ կրողը չունի նման իրավունք։

«Բոլոր իրավիճակները քաղաքացու համար են, դրա համար էլ ստեղծված է ոստիկանությունը, որպեսզի կատարելով իր հատուկ գործառույթները՝ ուղղակի վնասազերծի նման մարդկանց իր հատուկ միջոցներով, եթե կա նմանատիպ իրավիճակ: Բայց փաստորեն ստացվում է, որ ոստիկանությունը է՛լ ավելի սարսափելի մեթոդների է դիմում, քան՝ կարգազանց քաղաքացին, եթե մենք այդպես հիպոթետիկ վերցնենք: Նույնիսկ այդ իրավիճակում ես տեսնում եմ, որ ոստիկանությունն է առաջին հարվածները հասցնում և ոչ թե քաղաքացին, համենայն դեպս՝ այդպես երևում է տեսանյութում», - ընդգծեց Զարուհին Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը հիշեցնում է ոչ միայն պատգամավորի հետ տեղի ունեցածը, այլև վերջին մեկ ամսում ընթացող անհնազանդության ակցիաների մասնակիցներին բերման ենթարկելիս ոստիկանների պահվածքը. - «Հայհոյանք, մարդկանց նվաստացնող արտահայտություններ և պիտակավորումներ, այդ թվում՝ լակոտներ և այլ տիպի նման արտահայտություններ քաղաքացիների նկատմամբ, որն ուղղակի անընդունելի է»:

Իրավապաշտպանը համոզված է՝ եթե քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանները ժամանակին պատժվեին, երեկվա միջադեպը չէր լինի։

XS
SM
MD
LG