Մատչելիության հղումներ

Գետի քշած կառույցներ, ջրի տակ մնացած մեքենաներ. հեղեղների հետևանքները Լոռիում


Լոռու մարզի Մարց գյուղ բարձրացող ճանապարհի մոտ 60 մետրը ամբողջովին փլուզված է, հարակից գազալցակայանի տարածքով է հնարավոր շրջանցել ու առաջ գնալ դեպի Վանաձոր, բայց այս ճանապարհն էլ երկար չէ՝ ընդամենը մեկ կիլոմետր հետո վարարած Դեբեդը ասֆալտի շերտերն է իրարից առանձնացրել: Պոկված կտորները ցիրուցան են ամբողջ ճանապարհին, գետը կատաղել է հենց այն հատվածներում, որտեղ տաղավարներ են, հողը փորված է, այգի է գցված: Տեղացիներն ասում են՝ տաղավարներից մեկը գետը քշել-տարել է կիլոմետրեր ներքև. - «Ավիրել ա, էլի, մեկն էլ քշել-տարել ա»:

Երկաթե այդ տնակներից մեկում 76-ամյա մի կին էր ապրում: Հեղեղի ժամանակ տարեց կնոջն օգնության հասած տղամարդուն ու այդ պահին ճանապարհն անցնող վարորդներին ավելի ուշ փրկարարներն են մի կերպ դուրս բերել:

«Մենք վերևից, Կիրովականի կողմից մենք եկանք, հնարավոր չէր, էմչեէս-ի [ռուսերեն՝ Արտակարգ իրավիճակների նախարարության] «Ուրալ»-ով չկարացանք էս կողմ գանք: Իրան Ալավերդու կողմից էին տղեքը հանել», - պատմեց տղամարդկանցից մեկը:

«Հանեցինք, էդ ա, մի կերպ, մեծ տանջանքով, բայց սպասածելներին [ռուսերեն՝ փրկարարներին] մալաձեց, նրանց բլագադարնոստ [ռուսերեն՝ շնորհակալագիր] ա տալու՝ գիշերը որ նրանք կարացին էդքան մարդկանց հանեն», - ասաց մյուսը:

Այսօր կնոջ որդին՝ Կարենը եկել էր այլևս բնակության համար ոչ պիտանի տնակի փրկված իրերն ու սիրելի կատվին տանելու:

Այսօր հաջողվել էր Թումանյան համայնքի ջրհեղեղից փլուզված ճանապարհին մի ամբողջ օր մնացած մեքենաները՝ մի բեռնատար ու երկու մարդատար, դուրս բերել այս հատվածից. ջրի մակարդակն իջնելուց հետո հնարավոր էր եղել մեքենաները վարելով հասցնել մոտակա գազալցակայան:

«Տրակտորը բերին մի քիչ ճամփա բաց արին, էս «Կամազ»-ը հանին՝ ջրի միջին էր, ցորենը բարձած», - պատմեց մի կին:

Մի տղամարդ պատմեց, որ բեռնատարի վարորդը կարողացել էր դուրս գալ մեքենայից, մարդատար մեքենաների վարորդներն ու ուղևորները բարձրացել էին բեռնատարի վրա:

Եվս մեկ մարդատար, որ երեկ ամբողջովին ջրով ծածկված է եղել, դեռ տեղում է՝ վթարված, ցեխի մեջ կորած ու անսարք: Ասֆալտի քանդված շերտերի միջից այն դուրս բերել այսօր չի հաջողվել:

Թումանյանի բնակիչ Նվեր Եգանյանը եկել, քանդված ճանապարհի ջրափոսերում մնացած ձկներ էր փնտրում։ Կյանքի համար պայքարող չորս ձուկ էր գտել: Բազմաթիվ ձկներ, որ անջուր էին մնացել, անշնչացած էին արդեն։

Այսօր Թումանյանում պաշտոնյաները գույքագրում էին վնասները։ Թումանյանցի Քնարիկ Այվազյանի հողից վարարած Դեբեդը մոտ 5 մետր լայնությամբ հողակտոր է սրբել-տարել, 30 պտղատու ծառերը ջուրը քշել է. - «Մի 30 ծառ եմ ես մենակ էդքան տեղը տնկել, թամուզ կտրել ա տարել, էն ա էս հողիս տեղն ա մնում»:

Պաշտոնապես դեռ չի հայտարարվել՝ աղետից տուժած բնակիչներին կփոխհատուցե՞ն, թե՞ ոչ, բայց պաշտոնյաները գրում-ջնջում են, մարդիկ՝ սպասում։

Այսօր ավտոճանապարհներին ու երկաթգծի տարածքում շինարարներ էին երևում, բայց աշխատանքի ծավալը մեծ է, ասում են՝ պարզ չէ՝ երբ կսկսեն քանդված կամուրջների ու ճանապարհների նորոգումը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG