Մատչելիության հղումներ

Շուռնուխցիները երեք տարի է՝ սպասում են, որ գյուղի նոր թաղի կառուցումն ավարտվի


Վարչապետ Փաշինյանը շաբաթը բացեց դրական տեղեկությունների հեղեղով. Սյունիքի մարզում 2018 թվականից հետո 276 միլիոն դոլարի գործ է արվել։

Ամենայն մանրամասնությամբ՝ նրբանցքներից մինչև շենքի տանիք ու բակ, մինչև աջակողմյան մայթ՝ վարչապետը թվարկեց, թե Սյունիքի համայնքներում ինչ է արել գործադիրը։ Այդ աշխատանքներն ամփոփող տեսանյութում մի քանի անգամ հիշատակվում է Գորիսի Շուռնուխը: Այստեղ բնակելի թաղամասի կառուցում ու ջրամատակարարման վերակառուցումը ներկայացված է որպես կատարված աշխատանք:

Շուռնուխցի Սասուն Ալումյանը կլոր երեք տարի է՝ սպասում է, որ գյուղի նոր թաղի կառուցումն ավարտվի, ինքն էլ ընտանիքով տեղափոխվի նոր առանձնատուն։ ժամանակավոր մի վագոն տնակում են ապրում, որը ոչ մի կերպ չի տաքանում:

20 թվականի եռակողմ հայտարարությունից հետո Շուռնուխի ներքևի թաղը՝ 12 տուն ադրբեջանական դարձավ։ Կառավարությունը տնամերձով ու գոմերով սիրուն թաղամաս խոստացավ տունն ադրբեջանական թաղում թողած շուռնուխցիներին։ 1.2 միլիարդ դրամանոց ծրագիր է։ Շինարարության մասին ազդարարեցին 2021 թվականի փետրվարին, խոստացան մինչև այդ տարվա վերջ ավարտել... հետո խոստացան ավարտել 2022-ի վերջին, հետո խոստացան 2023-ի վերջին ավարտել. մինչև այժմ ոչ ոք նոր տուն չի մտել, սպասում են:

Նաթելա Հարությունյանը որդու հետ գյուղի ազգականներից մեկի տանն է սպասում։ Ասում է՝ 13 առանձնատներից 11-ի շինարարությունը գրեթե ավարտված է, բայց մի խնդիր է ծագել. - «Հոսանքի ու ջրի հարցերը լուծված չի»:

Նախորդ տարվա ամռանը Շուռնուխի նոր թաղ էր գնացել վարչապետ Փաշինյանը. այդտեղ Քաղաքաշինության կոմիտեի արդեն նախկին ղեկավարը ցույց է տալիս, թե ինչպես են լուծելու նոր տների ջրի հարցը. ջրամբար կկառուցեն։ Քաղաքաշինության կոմիտեից պարզաբանում խնդրեցինք՝ ինչո՞ւ է 13 տան շինարարությունը ավելի քան 3 տարի տևում:

Շուռնուխ բնակավայրում կառուցվող նոր թաղամասի բնակելի 13 տների և անասնագոմերի շինարարական աշխատանքներն ավարտված են: Ավարտական փուլում են օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցման աշխատանքները։ Ընթացքի մեջ են տարածքով անցնող բարձրավոլտ էլեկտրագծերի տեղափոխման աշխատանքները և 13 տան էլեկտրասնուցման ու արտաքին լուսավորության աշխատանքները։

Կոմիտեից ասում են՝ գործը նախատեսում են ավարտել այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին։

Շուռնուխցի Սասուն Ալումյանը պնդում է՝ ջրամբարը կա ու այդտեղ կարող է հավաքվել ընդամենը մեկ տանը բավարարող ջրաքանակ։ Ասում է՝ այդ մասին շատ ավելի վաղ է ահազանգել:

Գյուղացիները դեռ նախագծի փուլում առաջարկել էին Սվարանդի սարից ջուր բերել, մի քիչ թանկ կլիներ, ասում են, բայց ջուր կլիներ. գյուղը միշտ է ջրի խնդիր ունեցել, ասում են՝ ամռանը թելի բարակությամբ ջուր հոսի՝ լավ է։

Շուռնուխում տուն կորցրածները՝ 38 հոգի, պետությունից փող են ստանում. յուրաքանչյուրը 68 հազար դրամ՝ մինչև կմտնեն իրենց նոր տներ։ Շինարարությունը ձգձգվում է, կառավարությունն անընդհատ այդ գումարի տրամադրման ժամկետը երկարաձգում է։

Սոցապ նախարարությունից տեղեկացանք՝ պատրաստվում են կառավարությանն առաջարկել դարձյալ երկարացնել փոխհատուցման ժամկետը։ Մինչև այն օրը, ամիսը, տարին, երբ ի վերջո Շուռնուխի 13 տների շինարարությունը կավարտվի ու այդտեղ լույս ու ջուր կլինի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG