Դիզվառելիքի յուրացման գործով մեղադրվող երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանները դատարանից պահանջում են արդարացնել իրենց պաշտպանյալին։ Խոսքն ավելի գունեղ դարձնելու համար օգտագործեցին անգամ բանահյուսություն՝ պնդելու, որ դատական ողջ նիստի ընթացքում մեղադրող կողմին չհաջողվեց գեթ մեկ ապացույց ներկայացնել։
«Ասում են՝ ինչպես հազար նապաստակը չի կարող մի ձի դառնալ, այնպես էլ հազար կասկած չի կարող մեկ ապացույց դառնալ։ Եվ պետք չէ կասկածների կամ ենթադրությունների հիման վրա գալ դատարան և ասել՝ պետք է կայացվի մեղադրական դատավճիռ», - ասացին փաստաբանները։
Դատական նախորդ նիստին մեղադրական ճառով հանդես եկած դատախազը միջնորդել էր Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին և մյուսներին մեղավոր ճանաչել, սակայն ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։
Ըստ մեղադրանքի՝ տարիներ առաջ դիզվառելիքի պետական սուբսիդիայի տրամադրման ժամանակ մոտ կես միլիարդը յուրացվել է, երբ մրցույթը շահել է մյուս ընկերություններից ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշը», որի սեփականատերը Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարներից է։ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են քաղաքական հետապնդում։ Այսօր փաստաբանների խոսքին երրորդ նախագահն ավելացնելու բան չուներ։
Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանն արդեն նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում համոզմունք հայտնեց, որ այս գործով չի կարող արձակվել այլ դատական ակտ, քան արդարացման դատավճիռը. - «Քրեական գործի … կազդարարվի այն ժամանակ, երբ որ իրական քննություն կսկսվի, ու այն մարդիկ, այդ մարդիկ ինձ լսում են, որոնք այս գործը փաթեթավորել են, թխել են և վառել են վատ թխելու արդյունքում, ձեր աչքերի մեջ նայելով ասում եմ՝ պատասխան են տալու»։
Եթե անգամ դատարանը մեղավոր ճանաչի Սերժ Սարգսյանին, երրորդ նախագահը ճաղերի ետևում չի հայտնվի, քանի որ արդեն իսկ անցել է գործի վաղեմության ժամկետը։ Փաստաբան Մակինյանն ասաց, որ իրավիճակի հետ չեն համակերպվելու և պայքարելու են մինչև վերջ, ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
«Մենք կարող էինք որոշակի դիրքորոշում հայտնել, ու այս աբսուրդի թատրոնը շատ շուտ կավարտվեր։ Եթե մենք այսօր ճառեր ենք ասում, այո, ակնկալում ենք արդարացման դատավճիռ, և եթե մենք այսօր ճառեր ենք ասում, ակնկալում ենք մինչև վերջ արդարադատության հասնել», - նշեց նա։
Հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 16-ին։ Կողմերը ռեպլիկի իրավունք ունեն, ինչից հետո մեղադրյալները հանդես կգան վերջին խոսքով, և դատարանը կգնա խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու։