Շարունակում է փակ մնալ Կիրանց տանող ճանապարհը։
Ոստիկաններն այն փակել էին կիրակի օրը՝ նշելով, որ սահմանապահները միջոցառում են անում։
Կիրանցում երեկ վաղ առավոտից չափագրման աշխատանքներ էին ընթանում։
Սահմանազատումից հետո Կիրանց տանող կամուրջը, որը միջպետական ճանապարհի մի մասն է, ադրբեջանական կողմին է անցնելու, մեկնարկել են նաև հարակից Աճարկուտ բնակավայրով անցնող ճանապարհի կառուցման աշխատանքները:
Այդ ճանապարհն այժմ գրունտային է և շրջանցիկ ճանապարհն անցնելու է հենց այդտեղով, ապա մի նոր հատված է կառուցվելու, որը միանալու է Կիրանցի նորակառույց դպրոցին հարակից հատվածին և միանա այժմ էլ գործող հիմնական ճանապարհին:
Կիրակի օրը ոստիկանները թույլ չտվեցին Կրանց մտնել ո՛չ լրագրողներին, ո՛չ էլ ընդդիմադիր պատգամավորներին։ Այստեղ էին ժամանել սևբերետավորները։ Ավելի ուշ Ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանել էր՝ սահմանապահ զորքերը Տավուշի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ:
Վարչապետի աշխատակազմից մայիսի 15-ին հայտնել էին, որ երկու երկրների սահմանապահները համաձայնեցված սահմանի վրա կանգնելու են առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում` ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման: Վրաստան տանող միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ադրբեջանական կողմին է անցնում կամուրջը։ Կառավարությունը հայտարարել է, որ նոր շրջանցիկ ճանապարհ պետք է կառուցվի, 2-3 ամիս ժամկետի մասին է հայտարարվել։
Մայիսի սկզբին գրեթե երկու օր ոստիկանությունը փակ պահեց Կիրանցը՝ պնդելով, թե դա անվտանգ ականազերծման համար էր, մինչ այդ սակայն, ուժայինները մայիսի 2-ի լուսաբացին բերման էին ենթարկել գյուղի սկզբնամասում օրուգիշեր հերթապահող 30 քաղաքացու ու ազատել տարածքը: