Մատչելիության հղումներ

Կիրանցում վաղ առավոտից չափագրման աշխատանքներ էին ընթանում


Կիրանցում այսօր վաղ առավոտից չափագրման աշխատանքներ էին ընթանում, տեղում աշխատողները «Ազատության»-ը պատմեցին, որ գյուղում արդեն տեղորոշում էին այլընտրանքային շրջանցիկ ճանապարհի հատվածները:

Սահմանազատումից հետո Կիրանց տանող կամուրջը, որը միջպետական ճանապարհի մի մասն է, ադրբեջանական կողմին է անցնում, երեկվանից մեկնարկել է հարակից Աճարկուտ բնակավայրով անցնող ճանապարհի կառուցման աշխատանքները:

Նախօրեին այնտեղ ամբողջ օրը տրակտոր էր աշխատում, փոս էին փորում, կառավարությունից էլ հայտնել էին, որ ճանապարհի լայնացում է լինելու: Այդ ճանապարհն այժմ գրունտային է և շրջանցիկ ճանապարհն անցնելու է հենց այդտեղով, ապա մի նոր հատված է կառուցվելու, որը միանալու է Կիրանցի նորակառույց դպրոցին հարակից հատվածին և միանա այժմ էլ գործող հիմնական ճանապարհին:

Կիրանցում էր նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտի պետ Գոռ Ավետիսյանը։ Նա, սակայն, հարցազրույց տալ չցանկացավ։ Միայն նշեց, որ առաջիկայում էլ է գտնվելու այստեղ:

Տեղում աշխատողների խոսքով՝ գյուղացիների խնդրանքով Կիրանցի սահմանագծին պատ է կառուցվելու։ Թե ինչպե՞ս, կոնկրետ ո՞ր հատվածում ու ի՞նչ բարձրությամբ, դեռ չեն հստակեցնում։

«Ազատություն»-ն այսօր նաև եղավ Ոսկեպարում՝ եկեղեցու հարակից հատվածում, իրավապահների թույլտվությամբ՝ նաև եկեղեցում: Ոսկեպարից Բաղանիս անող ճանապարհը փակ է: Եկեղեցի մուտք գործել հնարավոր չէ: Այդ տարածքում արդեն տեղակայվում են հայ սահմանապահներ:

Կիրանցն արդեն 3-րդ օրն է՝ փաստացի շրջափակման մեջ է. փակ է հիմնական ճանապարհը, թույլ են տալիս Կիրանց մտնել միայն այստեղի գրանցում ունեցող քաղաքացիներին, այլ անձանց մուտքն արգելվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG