Մատչելիության հղումներ

«Նոր բան չենք տեսնում․ Վազգեն Մանուկյանին փոխարինել են Բագրատ սրբազանով»․ Ալեն Սիմոնյան


Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան, արխիվ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան, արխիվ

«Վազգեն Մանուկյանին փոխարինել են Բագրատ սրբազանով», - այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում, ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Որևէ նոր բան չենք տեսնում: Նույն մարդիկ են: Նույն օրակարգը», - ասաց ԱԺ նախագահն՝ անընդունելի համարելով, որ եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ:

«Պատարագների շղարշի ներքո միտինգներ են անում, դա հենց Աստվածաշնչով է անընդունելի», - ասաց ԱԺ խոսնակը։

Ալեն Սիմոնյանը նաև նշեց, որ Բագրատ արբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ և թեկնածություն ներկայացնել:

Հարցին, որ եթե հրապարակը ճնշի՞, Սիմոնյանը հակադարձեց. - «Այսինքն՝ հրապարակը, որ ճնշի, Սահմանադրությունը պետք է քանդե՞նք»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգով «Տավուշը հանուն հայրենիքի շարժման» առաջնորդ Բագրաստ սրբազանը հանդիպումներ է ունենում քաղաքական կուսակցությունների, մշակութային գործիչների և այլ ոլորտների ներկայացուցիչների հետ՝ կառավարության ղեկավարի պաշտոնանկությանը հասնելու համար ակնկալելով նաև նրանց աջակցությունը։ Հանդիպումներից հետո նրանք հայտարարել են, թե վարչապետի ընդունելի թեկնածուն հենց շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսն է:

Այստեղ սակայն սահմանադրական արգելք կա․ Բագրատ սրբազանը երկքաղաքացիություն ունի՝ նա նաև Կանադայի քաղաքացի է։ Եվ եթե անգամ Բագրատ սրբազանը Կանադայի քաղաքացիությունից հրաժարվի, ապա օրենքը պարտադրում է, որ անձը վերջին չորս տարին միայն Հայաստանի քաղաքացի լինի։

Բագրատ արքեպիսկոպոսի թեկնածությանը կողմ արտահայտվողները առկա սահմանադրական արգելքը լուծելի են համարում՝ նշելով, որ ճնշմամբ կպարտադրեն իշխող ուժին փոխել Մայր օրենքի հոդվածը և հնարավորություն ընձեռել սրբազանին առաջադրվել:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG