Մատչելիության հղումներ

«Փաշինյանը մեղավոր չէ, նա ժառանգել է ստեղծված իրավիճակը»․ Լուկաշենկո


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ Մինսկում հանդիպել է ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ։ Նրանք Մինսկում էին մասնակցելու 19-րդ համատեղ նիստին։

Ըստ Բելառուսի նախագահի գրասենյակի՝ Լուկաշենկոն կոչ է արել կռիվներ թույլ չտալ համագործակցության ընդհանուր տարածքում։ «Մենք չենք ուզում կռվել, ինչ կռվել ենք, բավական է», - ասել է Բելառուսի նախագահը։

Անդրադառնալով Ուկրաինային՝ Լուկաշենկոն նախ ընդգծել է՝ «ոչ ոք չի ցանկանում այս տհաճ իրավիճակը», ապա կրկին խաղաղ բանակցությունների կոչ է արել։

«Հենց այնպես չանդրադարձա Ուկրաինայի հակամարտությանը։ Ձեզնից շատ բան է կախված», - ասել է Լուկաշենկոն՝ դիմելով հատուկ ծառայությունների ղեկավարներին․ - «Այո՛, այնտեղ թույլ ենք տվել՝ սխալներ, այո, ինչ-որ տեղ չստացվեց՝ Հայաստանում, Ադրբեջանում, եկեք շտկենք»:

Ըստ Բելառուսի նախագահի՝ հակամարտությունը չէր սրվի, եթե կողմերը ժամանակին լսեին խորհուրդները և ձեռնարկեին անհրաժեշտ միջոցներ։

Տեղի ունեցածի համար Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղավոր չէ, նա «ժառանգել է» ստեղծված իրավիճակը, ասել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահի գրասենյակը նշում է, որ «Լուկաշենկոն ավելի վաղ կոչ էր արել կողմերին՝ խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով, քննարկվել են փոխադարձ ընդունելի կոնկրետ միջոցներ, սակայն նախնական պայմանավորվածություններն այդպես էլ կյանքի չեն կոչվել, իսկ հիմա հեշտ չէ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար»:

XS
SM
MD
LG