Բագրատ արքեպիսկոպոսին հանդիպած քաղաքական ուժերը վարչապետի պաշտոնում ընդունելի են համարում սրբազանի թեկնածությունը, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց շարժման առաջնորդներից Գառնիկ Դանիելյանը՝ ընդգծելով, որ նրա թեկնածությունը թույլ կտա զերծ մնալ հին ու նորի բաժանումներից։
«Անհատական զրույցերում իրենք էլ են նույն կարծիքը հայտնում, իրենց կողմից ընդունելի է: Որովհետև, տեսեք՝ ամեն մի ուրիշ մարդու պարագայում կան անձնական հին հարցեր, նոր հարցեր, ամբիցիաներ: Կարևոր է, որ նոր կառավրության ղեկավարը լինի ո՛չ հնի, ո՛չ նորի, բաժանումներից զերծ լինի, մի քանի ամիս զբաղեցնի էդ պաշտոնը, դրանից հետո որևիցե մի պաշտոնի չհավակնի», - ասաց ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Մինչդեռ կա սահմանադրական պահանջ, համաձայն որի՝ Հայաստանի վարչապետ կարող է ընտրվել վերջին չորս տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող անձը։ Իսկ Բագրատ Գալստանյանը նաև Կանադայի քաղաքացի է։ Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը պնդում է, թե այդ դրույթը հնարավոր է փոփոխել. - «Սահմանադրության էդ դրույթն էլ փոփոխելի է, հնարավոր է փոփոխել»:
Սահմանադրության այդ դրույթն իսկապես հնարավոր է փոխել Ազգային ժողովում՝ առանց հանրաքվեի, բայց խորհրդարանական ընդդիմությունը դրա համար բավարար ձայներ չունի։
Իսկ քաղաքական ո՞ր ուժերն են աջակցում վարչապետի հրաժարականը պահանջող սրբազանին և նրա առաջնորդած շարժմանը: Բագրատ Գալստանյանը երեկ լրագրողներ հետ զրույցում պնդեց՝ «ըստ տվյալների՝ բավականին ծանրակշիռ մասը»: Ապա հնչեցրեց այն ուժերի անունները, որոնք աջակցում են իրեն. - «Ուժերի անուններ՝ ուրեմն, խորհրդարանական խմբակցությունները՝ իրենց կուսակցություններով, մի ուժի անուն այս պահին իրավասություն չունեմ հանրահռչակելու, երևի իրե՛նք կասեն շատ շուտով՝ շատ կարևոր, ընդ որում, շատ ծանրակշիռ: Ուրեմն այսօր հանդիպել եմ, Սուրեն Սուրենյանցին եմ հանդիպել, «Ապրելու երկիր» կուսակցությանն եմ հանդիպել, «Հայաքվե» նախաձեռնության անդամներին եմ հանդիպել, եզդիական համայնքին եմ հանդիպել, հա, «Լուսավոր Հայաստան»-ին եմ հանդիպել»:
Այսօր էլ շարժման առաջնորդներից Գառնիկ Դանիելյանն «Ազատության» հետ զրույցում վերահաստատեց՝ բոլոր այս ուժերը, ում հետ հանդիպել են, իրենց աջակցում են. - «Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք»-ը, «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, իրենք եկել, սրբազանի հետ հանդիպել են: Իրենք իրենց աջակցությունն են հայտնել՝ եկել են և հայտնել են իրենց աջակցությունը այս շարժմանը»:
Թեև ընդդիմադիր շարժման առաջնորդները նաև «Լուսավոր Հայաստան»-ի անունն են տալիս, սակայն կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Սիվիլնեթ»-ի հետ զրույցում պնդել է՝ Բագրատ սրբազանի շարժմանը միանալու դիրքորոշում «Լուսավոր»-ն առայժմ չունի։
«Պրոցեսը նոր է, որևէ քաղաքական բյուրեղացած դիրքորոշում մեր կուսակցությունը էս մասով չունի, այսինքն՝ կուսակցական հայտարարություն չի եղել, որ մենք միանում ենք, մենք աջակցում ենք, մենք էդ բողոքի մի մասնիկն ենք կազմում», - ասել է Մարուքյանը:
Առաջիկայում Բագրատ սրբազանն ու շարժման մյուս առաջնորդները ծրագրում են հանդիպել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժերի հետ։
«Հայ ազգային կոնգրեսի հետ էլ պիտի հանդիպենք, իրենք էլ են, այսպես ասած, իրենց սոլիդարությունը հայտնել, և առաջիկայում պատրաստվում ենք հանդիպել: «Բարգավաճ»-ի հետ էլ է նախատեսվում նաև հանդիպում՝ Գագիկ Ծառուկյանից տեղյակ չեմ, բայց «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչները ներկա են լինում հանրահավաքներին», - ասաց Գառնիկ Դանիելյանը:
Տեր-Պետրոսյանի ղեկավարած «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունից Բագրատ սրբազանի հետ հնարավոր հանդիպման վերաբերյալ տեղեկություն ստանալ չի հաջողվել։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն «Ազատությանը» փոխանցեց, որ սրբազանի շարժմանը միանալու վերաբերյալ կուսակցությունում առանձին քննարկում տեղի չի ունեցել, բայց կուսակցության առանձին ներկայացուցիչներ մասնակցում են ակցիաներին։
Իսկ Ծառուկյանի հետ Բագրատ սրբազանի հնարավոր հանդիպման մասին Տոնոյանը նշեց, որ տեղեկատվության չի տիրապետում:
«Սա սրբազան շարժում է». - ավելի վաղ՝ մայիսի 9 -ին, երբ Տավուշի թեմի առաջնորդը երթով Աբովյանից շարժվում էր Երևան, Գագիկ Ծառուկյանը շարժումը որակել էր սրբազան, անթույլատրելի համարելով եկեղեցու դեմ հայտարարությունները։
«Ոչ մեկը բարոյական իրավունք չունի կպնելու եկեղեցուն, դա եկեղեցու շնորհիվ է, որ մինչև այսօր մենք հայ ենք, մինչև այսօր մենք մարդ ենք», - ընդգծել էր ԲՀԿ առաջնորդը:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Բագրատ սրբազանը երեկ հայտարարեց՝ առաջիկայում քաղաքական ուժերի հետ նախատեսվում է մեծ հանդիպում, չբացահայտելով ոչ օրակարգը և ոչ էլ հնարավոր մասնակիցների թիվը։
«Շատ շուտով ամբողջ քաղաքական դաշտը, ներկապնակը մեծ հանդիպում կունենանք, և ես ուզում եմ, որ բոլորը անխտիր ներկա լինեն՝ կապ չունի ով ինչ գաղափարի մեջ է», - ասաց Տավուշի թեմի առաջնորդը: