Կառավարության հրաժարականի պահանջով այսօր Հանրապետության հրապարակ էին դուրս եկել նորաստեղծ երեք կուսակցություններ, որոնցից որևէ մեկի առաջնորդը Հայաստանում չէ։
Պաշտպանության նախարարի պաշտոնը չորս ամիս զբաղեցրած և 2021-ի սահմանային բախումներից հետո պաշտոնանկ արված Արշակ Կարապետյանի հիմնադրած «Համահայկական ճակատ» կուսակցության քարտուղար Հովհաննես Շահինյանն ասաց՝ Կարապետյանի կոչով են հրապարակ դուրս եկել: Նախկին նախարարն, ի դեպ, Ռուսաստանում է, կոչերն ու ուղերձներն այնտեղից է հղում:
«Եղավ ուղերձ գեներալ Արշակ Կարապետյանի կողմից, որ համախմբվեն բոլոր այն ուժերի, ովքեր այսօր պատրաստ են պահանջելու գործող վարչախմբի հրաժարականը: Սա է, մեկ օրակարգ՝ հեռացում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Շահինյանը:
Թե ինչպես են պատրաստվում դրան հասնել՝ «Համահայկական ճակատ»-ի քարտուղարն ասաց. - «Ժողովրդական անհնազանդության ընդվզումներով ճնշում գործադրել պառլամենտի և Կառավարության վրա, որպեսզի Կառավարությունը ներկայացնի իր հրաժարականը»:
«Ինչո՞ւ ձեր առաջնորդը, պաշտպանության նախկին նախարարը Հայաստանում չէ: Ինչո՞ւ այդ կոչերը այստեղ չի անում», - այս հարցին Շահինյանն արձագանքեց. - «Իսկ ինչո՞ւ պետք է լիներ Հայաստանում: Գիտե՞ք ինչ, եթե մենք ունենայինք օրենքի դաշտում գործող իշխանություններ, ապա կարելի էր քննարկել նման հարցերը, բայց բոլոր հարցերը, խնդիրները ուղղակի լուծում են ապօրինի ազատազրկումներով»:
Ի դեպ, Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման հոդվածով: Մեղադրանքը չի ընդունում, ասաց՝ մինչև այսօր իրեն չեն հարցաքննել:
Հանրապետության հրապարակում էին նաև հետախուզվող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի հիմնադրած «Հայոց համազգային միություն» կուսակցության անդամները: Միության խորհրդի անդամ Աշոտ Բալայանը կարծում է՝ իշխանության հրաժարականին կարող են հասնել միայն միասնությամբ:
«88 թվականին ինչ որ տեղի ունեցավ, դա ժողովրդի միասնության շնորհիվ էր՝ ժողովուրդը լրիվ միացավ ու իրա ուզածին հասավ: Իսկ այսօր բոլորը բաժանված են, չեն կարողանում մի բանի հասնել», - հայտարարեց Բալայանը:
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի էին դուրս եկել նաև հետախուզման մեջ գտնվողմ նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանի հիմնադրած ԴՕԿ («Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն») կուսակցության անդամներն ու համակիրները: