Մատչելիության հղումներ

ԵԱՏՄ հավաքում ՀԱՊԿ-Հայաստան հարցը չի քննարկվել. Ալեքսեյ Օվերչուկ


ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, արխիվ
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, արխիվ

Եվրասիական «հնգյակի» առաջնորդներն այսօր Կրեմլում կայացած գագաթնաժողովում չեն քննարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, ԵԱՏՄ-ն զուտ տնտեսական խնդիր է»,- ասսել է Օվերչուկն, ով 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Կրեմլի հանձնարարությամբ մասնակցում է տարածաշրջանում տրանսպորտային ուղիների վերաբացման խնդրով եռակողմ հանձնաժողովի աշխատանքներին:

Մայիսի 8-ին Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը, որը նախագահել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ԵԱՏՄ կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։

Այս նույն երկրները գումարած Տաջիկստանը՝ ՀԱՊԿ անդամներ են: Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ին մեղադրել է ոչ վստահելի լինելու համար՝ Հայաստանի սահմանամերձ շրջաններ ադրբեջանական զորամիավորումների ներխուժմամը համարժեք չարձագանքելու կապակցությամբ։

Վերջին շրջանում Երևանը բազմիցս բաց է թողել որոշ ինտեգրացիոն ձևաչափերի հանդիպումները և ՀԱՊԿ-ի միջոցառումները։

Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ Հայաստանը դադարեցնում է ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումը։

XS
SM
MD
LG