Մատչելիության հղումներ

Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. Տասմագամբետով


ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, արխիվ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, արխիվ

Եթե Հայաստանի ղեկավարությունը որոշի դուրս գալ կազմակերպությունից, դա կլինի Հայաստանի ինքնիշխան իրավունքը, "Известия"-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ նշելով. - «այլ հարց է, թե ինչպես է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած ազգային անվտանգության սպառնալիքներն ու ռիսկերը»։

«Քարտուղարության վերլուծաբանները նշում են, որ ուժերի հարաբերակցությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել, եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից: Սակայն այս դեպքում ուժի մեջ կմտնեն տարածաշրջանային անվտանգության այն գործոնները, որոնց ազդեցությունն այժմ բավական դժվար է կանխատեսել ու հաշվարկել», - ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Տասմագամբետովն ընդգծել է՝ չնայած Հայաստանի որոշմանը դադարեցնել մասնակցությունը ՀԱՊԿ միջոցառումներին, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի նկատմամբ:

«Հայաստանն, իրոք, սահմանափակել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին, սակայն փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են, և կազմակերպության օրակարգում աշխատանքները շարունակվում են։ ՀԱՊԿ-ի բոլոր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ մնում են լիովին համապատասխան կազմակերպության կանոնադրական նպատակներին և սկզբունքներին»,- ասաց նա։

ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։

Երևանն ի պատասխան մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, 2024-ին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, հնարավոր է՝ սառեցվի նաև դե յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG