Մատչելիության հղումներ

Փաշինյան-Պուտին հանդիպում տեղի կունենա մայիսի 8-ին. Յուրի Ուշակով


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության նիստին, տեղեկությունը հաստատել է Ռուսաստանի նախագահի օգնականը։ Յուրի Ուշակովի խոսքով՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո Պուտին-Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի։

«Այդ երկկողմ շփումը շատ բովանդակալից կլինի, շատ հարցեր կան քննարկելու։ Վերջին շրջանում Ռուսաստանի ու Հայաստանի միջև կուտակվել են խնդիրներ, որոնք մենք հույս ունենք, թափանցիկ կերպով կքննարկեն առաջնորդները։ Հենց ինքը Փաշինյանն է ապրիլին ասել, որ Մոսկվայի հետ հարաբերությունները լավագույն ժամանակները չեն ապրում: Վերջին շրջանում նկատելիորեն նվազել են մեր երկրների միջև շփումները տարբեր մակարդակներում։ Քննադատության է ենթարկվում ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ՀԱՊԿ-ը», - նշել է Ուշակովը։

ԵԱՏՄ նիստի նախորդ օրը՝ մայիսի 7-ին Պուտինի երդմնակալությունն է: Օտարերկրյա պետությունների ղեկավարներին հրավերներ չեն ուղարկվել։ Հրավիրված են Մոսկվայում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, այսօր հայտարարել է Վլադիմիր Պուտնինի օգնականը։

Ու թեև ըստ ռուսական կողմի՝ ղեկավարների մակարդակով հրավերներ չկան Մոսկվայից, Փաշինյանը երեք շաբաթ առաջ «Ազատության» հետ զրույցում ասել էր, թե մասնակցելու որոշում չունի։ Հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման ֆոնին այդպես էլ մինչ օրս իշխանությունը չէր հստակեցնում՝ Մոսկվայից հրավեր չկա՞ր, թե՞ Փաշինյանն էր հրաժարվում մասնակցել։

Հայաստանից որևէ մակարդակով մասնակցություն լինելո՞ւ է։ Արտաքին գործերի նախարարությունից խոստացել են հայտնել, երբ պատասխանն ունենան։

Ըստ ՏԱՍՍ-ի՝ Ռուսաստանում Լեհաստանի դեսպանը չի ընդունել հրավերը, Գերմանիայից որևէ պաշտոնական ներկայացուցիչ չի լինելու։ Սլովակիան ընդունել է հրավերը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Ֆրանսիայի դեսպանն էլ կմասնակցի Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը, նաև Ռուսաստանում Սլովակիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը։ Եվրամիությունից դեռ չեն հայտնել հրավերն ընդունելու են, թե՝ ոչ։

Եվրասիական տնտեսական միության նիստը հաջորդում է Պուտինի երդմնակալությանը։

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները չեն մասնակցի մայիսի 9-ին՝ Մոսկվայում Հաղթանակի օրվա շքերթին: Ըստ Ռուսաստանի նախագահի օգնականի՝ շքերթին ներկա կլինեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի ղեկավարները։

XS
SM
MD
LG