Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները հնարավորություն կունենան քննարկելու այն հարցերն ու խնդիրները, որոնք ծագել են երկկողմ հարաբերություններում, այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մենք ելնում ենք նրանից, որ մեր երկկողմ հարաբերություններում բոլոր դժվար պահերը, որոնք ի հայտ են եկել վերջերս, հենց նման երկխոսության շրջանակում կգտնեն իրենց լուծումները», - ասել է Կրեմլի խոսնակն՝ առանց հստակեցնելու, թե երբ է ուրվագծվում նման երկխոսություն։
ՌԴ նախագահի խոսնակը այս մասին խոսել է՝ արձագանքելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա այն հայտարարությանը, թե Հայաստանը ՌԴ-ի հետ հարաբերություններում «ոչ մի սխալ քայլ չի արել, իսկ հակառակ դեպքերը բազմաթիվ են»։
Պեսկովն այսօր նաև ասել է՝ հույս կա, որ «տեսանելի ապագայում ղեկավարները նման հարցերն անձամբ քննարկելու հնարավորություն կունենան, եթե դրանք օրակարգում են»։
«Գիտեք, որ Հայաստանը մեր մերձավոր գործընկերն է, մեր դաշնակիցն է, որի հետ մեզ միավորում են բազմաթիվ ինտեգրացիոն ֆորմատներ, ինչպիսիք են ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն և այլն: Եվ, իհարկե, պատմականորեն երկկողմանի հարաբերություններ, հումանիտար հարաբերություններ, որոնց կարևորությունը դժվար է գերագնահատել», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը։