Մատչելիության հղումներ

Ռուսաստանը միջուկային զենքի կիրառման մարտավարական վարժանքների է պատրաստվում


Ռուսաստանը միջուկային մարտագլխիկ կրելու հնարավորությամբ միջմայրցամաքային հրթիռ է փորձարկում, արխիվ
Ռուսաստանը միջուկային մարտագլխիկ կրելու հնարավորությամբ միջմայրցամաքային հրթիռ է փորձարկում, արխիվ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուսով է, որ Չինաստանը կօգտագործի իր ազդեցությունը Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայի դեմ մղվող պատերազմը դադարեցնելու համար:

Նրա խոսքով՝ դա քննարկվել է երկուշաբթի օրը Փարիզում Եվրահանձնաժողովի նախագահի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի եռակողմ հանդիպման ժամանակ:

«Մենք համաձայն ենք, որ Եվրոպան և Չինաստանը ընդհանուր շահեր ունեն խաղաղության և անվտանգության մեջ, և մենք անհամբեր սպասում ենք, որ Չինաստանն օգտագործի նախագահ Սիի ազդեցությունը։ Չինաստանի ղեկավարը կարևոր դեր է խաղում Ռուսաստանի անպատասխանատու միջուկային սպառնալիքների թուլացման գործում, և ես վստահ եմ, որ նախագահ Սին կշարունակի դա անել Ռուսաստանի շարունակվող միջուկային սպառնալիքների ֆոնին», - հայտարարել է ֆոն դեր Լայենը։

Եվրահանձնաժողովի նախագահի այս հայտարարությանը նախորդել է միջուկային սպառազինության կիրառմամբ զինավարժություններ անցկացնելու մասին Մոսկվայի հայտարարությունը։

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբն այսօրվանից սկսել է նախապատրաստվել միջուկային զենքի կիրառման մարտավարական վարժանքների, որոնք կանցնեն անձամբ նախագահ Պուտինի հանձնարարությամբ։ Ինչպես Պաշտպանության նախարարությունն է առավոտյան հայտարարել, Պուտինը հրահանգել է բարձրացնել միջուկային ուժերի պատրաստությունը մարտական առաջադրանքներին՝ «արևմտյան առանձին պաշտոնյաների սադրիչ հայտարարություններին և սպառնալիքներին ի պատասխան»։

Ավելի ուշ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն առավել հստակ է նշել, թե սա Մոսկվայի պատասխանն է Ուկրաինա զորք ուղարկելու հնարավորության վերաբերյալ վերջին օրերին հնչող հայտարարություններին:

«Ակնհայտ է, որ մենք խոսում ենք պարոն Մակրոնի հայտարարության և բրիտանական ներկայացուցիչների հայտարարության մասին, գիտեք՝ նրանց միացել է նաև ԱՄՆ Սենատի ներկայացուցիչը, ով խոսում էր Ուկրաինա զինված խմբավորումներ ուղարկելու պատրաստակամության և նույնիսկ մտադրության մասին։ Սա նշանակում է ՆԱՏՕ-ի և ռուսական բանակի ուղիղ առճակատում։ Եվ այս հայտարարությունները նոր են ու աննախադեպ և պահանջում են մեր կողմից նոր մոտեցումներ», - հայտարարել է Պեսկովը:

Վերջին օրերին Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը չէր բացառել, որ Արևմուտքը կարող է Ուկրաինա զորք ուղարկել, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնն էլ ասել էր, թե ուկրաինական ուժերն իրավունք ունեն բրիտանական զենքով հարվածել Ռուսաստանի տարածքին։ Ի պատասխան, ինչպես հաղորդվեց այսօր, Մոսկվան արտգործնախարարություն է հրավիրել Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանին։

Ընդ որում, նախագահ Պուտինը դեռևս մինչև Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելն էր հայտարարել, որ ռուսները պատրաստ են միջուկային զենք օգտագործել, եթե զգան, որ կա էկզիստենցիալ սպառնալիք Ռուսաստանի համար. - «Եթե ինչ-որ մեկը Ռուսաստանը ոչնչացնելու որոշում է կայացրել, մենք պատասխան տալու արդար իրավունք ունենք։ Այո, դա կլինի գլոբալ աղետ։ Բայց մեր ինչին է պետք աշխարհը, եթե Ռուսաստան չլինի»։

Այս տարվա մարտին էլ Ռուսաստանի նախագահը նախազգուշացրել էր Արևմուտքին, թե Ռուսաստանի և ԱՄՆ-ի գլխավորած ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքի միջև ուղիղ հակամարտությունը կնշանակի, որ մոլորակն ընդամենը մեկ քայլ է հեռու Երրորդ համաշխարհային պատերազմից, հավելելով, այդուահանդերձ, որ դժվար թե որևէ մեկը ցանկանա նման սցենար:

Ռուսաստանի ռազմական դոկտրինում այսօր նշված է, որ միջուկային զենք Ռուսաստանը կօգտագործի ի պատասխան միջուկային կամ զանգվածային ոչնչացման այլ զենքերի օգտագործմամբ հարձակման կամ Ռուսաստանի դեմ սովորական զենքի կիրառման, «երբ պետության գոյությունը վտանգի տակ կլինի»։

Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանում մարտավարական միջուկային զենքի զորավարժություն երբեք չի անցկացվել, սա առաջինն է անցած ավելի քան 30 տարիների ընթացքում։

Զուգահեռաբար, ռուսական ուժերն ակտիվացնում են գրոհները նաև մարտի դաշտում։ Այսօր Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, թե ռուսական բանակը երկու նոր բնակավայր է օկուպացրել Ուկրաինայի արևելքում՝ Խարկովի շրջանում։ Ռուսական առաջխաղացումն այստեղ նոր թափ ստացավ Ավդեևկայի գրավումից հետո, որը ռազմավարական նշանակություն ունի ուկրաինական պաշտպանության համար։ Պաշտոնական Կիևն առայժմ նոր գյուղերի գրավման լուրը չի հաստատել, բայց և չի հերքել։

XS
SM
MD
LG