Մատչելիության հղումներ

Փակվեց Աղդամում տեղակայված ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը


Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը Աղդամում, արխիվ
Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը Աղդամում, արխիվ

Այսօր փակվեց 2021-ի սկզբից Աղդամում տեղակայված ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը 2024-ի ապրիլի 26-ին ։ Կենտրոնի գործունեությունը դադարելու կապակցությամբ պաշտոնական արարողություն է անցկացվել, որին մասնակցել են կողմերի բարձրաստիճան զինվորականներ՝ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը, Թուրքիայի ցամաքային զորքերի շտաբի պետ Լևենտ Էրգյունը, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Սերգեյ Իստրակովը, ինչպես նաև Ադրբեջանում Թուրքիայի զինված ուժերի օպերատիվ խմբավորման հրամանատարը, Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատարը և Ադրբեջանում Թուրքիայի և Ռուսաստանի դեսպանները։

Ռուս գեներալ Սերգեյ Իստրակովն իր ելույթում ասել է, որ 3,5 տարի առաջ Ռուսաստանի ու Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հուշագիր ստորագրեցին ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու մասին, որպեսզի Ղարաբաղյան հակամարտության գոտում վերահսկեն հրադադարի ռեժիմը և երկու ամիս անց՝ 2021-ի հունվարի 30-ին համատեղ կենտրոնը սկսեց աշխատանքը։

«Բոլոր այս տարիներին կենտրոնը հաջող փոխգործակցության և երեք երկրների զինվորականների համատեղ աշխատանքի հաջող օրինակ է հանդիսացել՝ հանուն ամուր խաղաղության ադրբեջանական հողում»,- հայտարարել է Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալը։

Նրա խոսքերով՝ կենտրոնի գործունեությունը թույլ տվեց վաղաժամ ավարտել խաղաղապահ գործողությունը և սկսել Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի դուրս բերումը «Ադրբեջանի ղարաբաղյան տնտեսական տարածաշրջանի տարածքից»։

Գեներալ Իստրակովն անդրադարձել է նաև 3 երկրների հարաբերություններին, ասելով, թե ռուս-ադրբեջանա-թուրքական հարաբերությունները զարգանում են բարեկամական և բարիդրացիական ոգով՝ Բաքուն, Մոսկվան և Անկարան հաջողությամբ կոորդինացում են ջանքերը լուծելու տարածաշրջանային և գլոբալ օրակարգի կարևոր հարցերը։

«Ռուսաստանի պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի անունից շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինվորականներին իրենց զինվորական պարտքը պատվով կատարելու համար՝ հանուն ամբողջ Հարավային Կովկասի խաղաղության և հանդարտության», - մոնիթորինգային կենտրոնի փակման արարողությանը ասել է Ռուսատանի գլխավոր շտաբի պետի տեղակալը, համոզմունք հայտնելով, որ երեք երկրների միջպետական կապերը հետագայում ևս հաջողությամբ կզարգանան։

Թուրքիայի ցամաքային զորքերի շտաբի պետ գեներալ Լևենտ Էրգյունը ասել է, որ մոնիթորինգային համատեղ կենտրոնի անդամներն այս ընթացքում գործել են բարդ պայմաններում, պահպանել բարի կամքի և փոխադարձ հարգանքի սկզբունքները, առանց խնդիրների շարունակել են վերահսկել հրադադարը՝ մինչև Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովումը։

Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը իր ելույթում անդրադարձել է նաև 2020 և 2023 թվականների պատերազմներին։

Անցած տարի սեպտեմբերին Արցախի վրա հարձակման մասին, նա ասել է, թե Ղարաբաղում Ադրբեջանի վերահսկողությունն ամբողջովին հաստատելու նպատակով «հակաահաբեկչական միջոցառման արդյունքում Հայաստանի զինված ուժերը և հայկական անօրինական զինված կազմավորումները» ամբողջովին դուրս են բերվել Ադրբեջանի տարածքից, և ուստի համատեղ մոնիթորինգային կենտրոնի խնդիրները համարվում են կատարված։

Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ընդգծել է, որ «սկսվել է Ադրբեջանի ղարաբաղյան տնտեսական շրջանում ժամանակավոր տեղակայված Ռուսաստանի խաղաղապապահ զորակազմի ամբողջովին դուրս բերելու գործընթացը»։

Նույն օրը Բեռլինում, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի համատեղ ասուլիսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Ադրբեջանում տեղակայված ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնն այսօր առավոտյան դադարեցրել է իր գործունեությունը։ «Կենտրոնի անհրաժեշտությունը չկա»,- ընդգծել է նա։

Անցած տարվի սեպտեմբերին ադրբեջանական բանակը հարձակվեց Արցախից մնացած մասի վրա, որի հետևանքով Արցախն ամբողջովին հայաթափվեց՝ ավելի քան 100 հազար էթնիկ հայեր բռնի տեղահանվեցին Հայաստան։

Ավարտված համարելով խաղաղապահ առաքելությունը 2024-ի ապրիլի կեսերից մեկնարկեց Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը նախատեսված ժամկետից շուտ Ղարաբաղից դուրս բերելու գործընթացը։ Ապրիլի 26-ին փակվեց հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը։ Փակման պաշտոնական արարողությունն ավարտվել է Ադրբեջանի զինվորական նվագախմբի ու երգ ու պարի համույթի համերգով:

XS
SM
MD
LG