Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի և բոլոր տեսակի ռազմական գործողությունների դադարեցման շուրջ Թուրքիայի և Ռուսաստանի կնքած հուշագրից երկու ամիս անց՝ 2021 թվականի հունվարի 30-ին, սկսել է աշխատել Աղդամում թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգի կենտրոնը։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ ադրբեջանական լրատվական գործակալությունը, այդ մասին Աղդամում թուրք-ռուսական միացյալ մոնիտորինգային կենտրոնի փակման արարողության ժամանակ ասել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովը։
Նրա խոսքով՝ կենտրոնը դարձել է երեք երկրների զինվորականների համակարգման և համատեղ գործունեության հաջողված օրինակ։
Ըստ գեներալի՝ ադրբեջանառուսական հարաբերությունները զարգանում են բարեկամության և բարիդրացիության ճանապարհով, իրականացվում են խոշոր տնտեսական նախագծեր տարբեր ոլորտներում:
«Բաքուն, Մոսկվան և Անկարան հաջողությամբ համակարգում են գործողությունները տարածաշրջանային և միջազգային խնդիրների կարգավորման հարցում: Ռուսաստանի պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի անունից շնորհակալություն եմ հայտնում բոլոր երեք երկրների զինվորականներին, ովքեր հաջողությամբ կատարել են իրենց պարտքը՝ հանուն խաղաղության Հարավային Կովկասում։ Հուսով եմ, որ մենք կշարունակենք հաջողությամբ զարգացնել միջպետական հարաբերությունները», - ասել է Իստրակովը։
Աղդամի ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի փակման արարողությանը գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովից բացի մասնակցել են Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը և Թուրքիայի ցամաքային ուժերի գլխավոր շտաբի պետի Լևենթ Էրգյունը: