Լարված իրավիճակ է Ոսկեպարի սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ՝ ականազերծման պատճառով։
Այստեղ հավաքված քաղաքացիները, պնդելով, թե հայկական կողմն ականազերծում է իրականացնում, հնարավոր ամենամոտ հատվածից բարձր բղավում են՝ կոչ անելով զինվորականներին դադարեցնել աշխատանքները։
«Ազատության»-ն այդ հատված մոտենալ չի հաջողվում, սակայն տեսանելի է, որ մի խումբ զինվորականներն աշխատանքներ են կատարում։
Ոստիկանության զորքերի Հատուկ նշանակության վարչության ծառայողները քաղաքացիների ու եկեղեցու արանքում շարքով կանգնած են։
Քիչ առաջ այստեղ ժամանեց նաև Տավուշի հոգևոր առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Ոստիկանները կրկին տեղեկացրին, որ տարածքը փակ է, և եկեղեցուն մոտենալ չթույլատրեցին։
Շաբաթ օրը թեև տավուշցիները բացեցին Վրաստան տանող ճանապարհը Կիրանցի հատվածում, քանի որ նրանց խոստացել էին երկուշաբթի օրը հանդիպում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, սակայն երեկ ճանապարհը կրկին փակվեց։ «Ապրելու երկիր» կուսակցության փոխնախագահ Մեսրոպ Առաքելյանը փոխանցեց, որ երեկվանից հայկական կողմն ականազերծման աշխատանքներ է սկսել, դրա համար էլ բնակիչները դարձյալ ցույցի են դուրս եկել։ Տարածքում նաև ոստիկանական ուժեր կային։
Պաշտպանության նախարարությունն արդեն երկրորդ օրն է որևէ մեկնաբանություն այս հարցով չի տալիս։
Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնանական համաձայնեցրել են» Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։
Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։ Կոորդինատների հստակեցումը պիտի ձևակերպվի արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024թ. մայիսի 15-ը, ինչից հետո այդ հատվածներում սահմանագիծը կհամարվի սահմանազատված։
Գործընթացն առայժմ չի վերաբերվում Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքներին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, և Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածին, որը դեռ մնում է հայկական վերահսկողության տակ: