Կառավարության շենքում այսօր օրվա երկրորդ կեսին Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարները կհանդիպեն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։
Գյուղապետերն «Ազատության»-ը փոխանցեցին, որ համայնքապետերին դեռ հստակ ժամ չեն ասել, բայց նրանք արդեն Երևանի ճանապարհին են։
Վրաստան տանող ճանապարհը Կիրանց-Ոսկեպար հատվածը երեկվանից փակ է։ Հավաքվածներն այստեղ են գիշերել։
Ուրբաթ օրը հաղորդվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։
Շաբաթ օրը տավուշցիները փակեցին ճանապարհը՝ պահանջելով հանդիպում պաշտոնյաների հետ։ Նրանք նշում էին, թե «անվտանգության ոչ մի երաշխիք իրենց չեն տալիս, իշխանությունների խոսքերին չեն հավատում, ճանապարհն ազատել չեն պատրաստվում», «պաշտոնական հայտարարություններն էլ հակասում են» երկու օր առաջ իրենց գյուղում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածներին։
Կիրանցի գյուղապետը տեղեկացրեց, որ երկուշաբթի օրը հանդիպում կլինի փոխվարչապետ, սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի հետ։ Գյուղացիները բացել էին ճանապարհը՝ հույս հայտնելով, որ պաշտոնյաներն իրենք կժամանեն Տավուշ ու կպատասխանեն իրենց հարցերին։
Երեկ առավոտյան ճանապարհը, սակայն, նորից փակվեց։ Կիրանցում էր «Ապրելու երկիր» կուսակցության փոխնախագահ Մեսրոպ Առաքելյանը։ Նա փոխանցեց, որ հայկական կողմն ականազերծման աշխատանքներ է սկսել, դրա համար էլ բնակիչները դարձյալ ցույցի են դուրս եկել։