Մատչելիության հղումներ

Երևանն ու Աստանան պայմանավորվել են ակտիվորեն համատեղ աշխատել, մասնակցել խաղաղության գործընթացին


Ղազախստանը ողջունում է խաղաղության պայմանագիր կնքելու Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը, այսօր հայտարարեց մեկօրյա պաշտոնական այցով Երևան ժամանած Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, հավելելով՝ Երևանն ու Աստանան պայմանավորվել են ակտիվորեն համատեղ աշխատել, մասնակցել խաղաղության գործընթացին:

«Բարձր ենք գնահատում ենք Հայաստանի ձգտումը՝ Հարավային Կովկասում վերականգնելու տրանսպորտային կապերը: Այդ իմաստով ողջունում ենք մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը, որը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ», - ասաց Տոկաևը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հայտարարեց, որ անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանը, ներկայացրել Ադրբեջանի հետ բանակցության վերջին զարգացումները, վերահաստատել Հայաստանի կառավարության՝ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը՝ Երևանի և Բաքվի միջև արդեն իսկ համաձայնեցված երեք սկզբունքների հիման վրա:

«Անդրադարձել ենք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որի կյանքի կոչումը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում», - ասաց Փաշինյանը:

Կողմերը քննարկել են նաև տնտեսական և ներդրումային համագործակցության հարցեր՝ ընդգծելով, որ պետք է մեծացնել արտահանման և ներմուծման ապրանքների ցանկը:

«Ղազախստանը պատրաստ է Հայաստանի արտահանման ծավալը հասցնել 350 միլիոն դոլարի նշաձողին: Պետք է ակտիվացնել հարաբերությունները արդյունաբերության, ֆինանսների նորարարության, զբոսաշրջության, գյուղատնտեսության և այլ ասպարեզներում», - նշեց Տոկաևը:

Երկու երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով ստորագրվել է հայտարարություն: Տոկաևը Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Ղազախստան: Քննարկվել են նաև մշակութային կապերը խորացնելու հարցեր:

Երկու երկրների համալսարաններում կստեղծվեն հատուկ հանձնաժողովներ՝ ուսումնասիրելու ղփչակ լեզվով ձեռագրերը, որ գրի են առնվել հայատառ:

Այսօր նաև երկու երկրների մայրաքաղաքները՝ Երևանն ու Աստանան հռչակվել են քույր քաղաքներ, երկու մայրաքաղաքներում նաև պուրակներ կստեղծվեն:

«Ուրախությամբ պետք է փաստեմ, որ քննարկվում է փոխադարձության սկզբունքով Աստանայում հայ գրերի գյուտի հեղինակ սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան պուրակի և Երևանում ղազախ բանաստեղծ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի անվան պուրակի հիմնումը», - նշեց Հայաստանի վարչապետը:

Տոկաևը նախագահի պաշտոնում առաջին անգամն էր Հայաստանում:

Սա վերջին երկու ամսվա ընթացքում ղազախ պաշտոնյաների արդեն երկրորդ այցն է Հայաստան. մարտին Երևանում էր նաև Ղազախստանի արտգործնախարարը:

Հայաստանն ու Ղազախստանը գործընկերներ են ԵԱՏՄ-ում ու նաև ՀԱՊԿ-ում, որին անդամակցությունը Հայաստանը սառեցրել է: Ղազախստանը, սակայն, առավել սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ. օրինակ՝ Աստանայում 2014 թվականի մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված նիստում հենց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջոցով էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախապայման դրել, որի համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը պետք է անդամակցի իր միջազգայնորեն ընդունված սահմաններով՝ առանց Լեռնային Ղարաբաղի: Նազարբաևն այդ ժամանակ Ալիևի նամակն էլ էր ընթերցել հավաքվածների համար:

Մոտ մեկ ամիս առաջ Ղազախստանի նախագահ Տոկաևը Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ այցելել էր պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից գրավված Շուշի և Ֆիզուլի:

XS
SM
MD
LG